Զինված Ուժեր

Ջալալ Հարությունյանից մինչև Շուշիի առեղծվածը․ մեկ ուրիշ հոկտեմբերի 27. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ջալալ Հարությունյանից մինչև Շուշիի առեղծվածը

Մեկ ուրիշ հոկտեմբերի 27

ՀՀ դատախազության կողմից Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի կապակցությամբ հարուցված քրեական գործը բազում անպատասխան հարցեր է առաջացնում։ Արդյո՞ք այս քննվող գործից ակնհայտ է, որ եթե ոչ նախկինում, ապա այժմ կասկածներ կան, որ այդ մահափորձում «մեղադրյալը»/«մեղադրյալներն» ամենևին կամ միայն Ադրբեջանը չէ․ դա դատախազությունը կիմանա։ Թե՞ ուղղակի մեղադրանքը միայն Ադրբեջանի դեմ է․․․

Ջալալ Հարությունյանն ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից 2020թ․ հոկտեմբերի 27-ին, նույն օրը Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով նրան շնորհվել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը, իսկ նրա փոխարեն Արցախի ՊԲ նոր նախարար նշանակվել գեներալ Միքայել Ալբերտի Արզումանյանը: Այդ օրը Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով, և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»:

Ի՞նչ մեկնաբանություններ կարող էր ստանալ այդ ժամանակ Ջալալ Հարությունյանի ազատումը, եթե նա ծանր վիրավորում էր ստացել ու միայն այդ հիմքով նա չէր կարող ղեկավարել պատերազմը։ Ի՞նչ մեկնաբանությունների մասին էր մտածում Արայիկ Հարությունյանը․․․ Այն ժամանակ թվում էր, թե այդ մեկնաբանությունները կարող են լինել ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվության դաշտում, քանի որ նրանք հենց նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին տարածել էին, թե Ջալալ Հարությունյանը «սպանված է»․․․ Այժմ, կարծես թե դա միակ մեկնաբանությունը չէ, որ կարող էր լինել․․․

Իսկ հանրային բամբասանքի խողովակներով այդ վարկածները շրջում էին ու դեռ շրջում են՝ իբրև Ջալալ Հարությունյանի երթուղու մասին տվյալներին թշնամին տեղյակ է եղել, խոսվում էր տարբեր անձանց, այդ թվում՝ ՊԲ կազմից հնարավոր մասնակցության մասին և այլն․․․ Իսկ այդ վարկածներն ավելի էին ամրապնդում հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը, որտեղ անառարկելի է, որ թիրախը շարասյան միայն մեկ ավտոմեքենան է, բայց ոչ ավելի «նշանակալի թիրախներ», որում, ըստ ադրբեջանական կողմի, գտնվել է Ջալալ Հարությունյանը։

Ինչպես հոկտեմբերի 27-ին էին հայտնել, գործողությունը կոչվել է «Հատուցում»։ Ադրբեջանի իշխանությունների խոսափողներից Հաքքին․ազ-ը գրել էր, որ այդ «փայլուն գործողությունը մշակվել ու իրականացվել է ՊՆ-ի կողմից՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համատեղ, տեղորոշվել ու հսկողության՝ դիտարկման տակ էր վերցվել Ջալալ Հարությունյանի ծառայողական ավտոմեքենան։/ «В результате блестящей операции, разработанной и осуществленной Министерством обороны совместно со спецслужбами Азербайджана, был установлен и взят под наблюдение служебный автомобиль Джалала Арутюняна»: Այն, որ ադրբեջանական կողմն ԱԹՍ-ով է «հսկողության տակ վերցրել ավտոմեքենան», դա տեսանյութից էլ երևում է։ Իսկ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ինչպե՞ս են իմացել Ջալալ Հարությունյանի այդ օրվա երթուղին, նաև այն, որ նա գտնվելու է ավտոմեքենայում, այն աստիճան, որ հենց նույն օրը Ադրբեջանն ինքն է 100 տոկոս վստահությամբ պնդում, որ դա եղել է Ջալալ Հարությունյանի ծառայողական ավտոմեքենան ու որ Ջալալ Հարությունյանը գտնվել է այդ ավտոմեքենայի մեջ․․․

Եթե քրեական գործով խոսվում է մահափորձի վարկածի մասին, նշանակո՞ւմ է, որ «ծուխն ամենևին էլ առանց կրակի չէր»․․․ Ո՞ւմ էր խանգարում Ջալալ Հարությունյանը, Ո՞վ/ովքե՞ր և ի՞նչ էր/էին ցանկանում անել, որին խանգարում էր Ջալալը․․․ Արդյո՞ք Ջալալից հետո պատերազմի ուղղվածությունն այն էր, ի՞նչ ակնկալվում էր ստանալ, բայց դա Ջալալի մասնակցությամբ հնարավոր չէր անել․․․

Ու սա հարցերի ողջ շրջանակը չէ։ Բայց կրկին պետք է անդրադառնալ, թե «Ջալալի կետում» որտեղ էր գտնվում պատերազմը․․․

Դա այն շրջանն էր, երբ հոկտեմբերի 27-ի դրությամբ հակառակորդը գրավել էր Արցախի հարավի հայտնի երիզը՝ Վարանդա/Ֆիզուլի, Ջրական/Ջաբրայիլից մինչև Կովսական/Զանգելան, նաև՝ Հադրութը։

Կրկին Շուշին․․․․

Հոկտեմբերի 16-ին Իլհամ Ալիևը թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շեշտել էր Շուշին վերցնելու «պլանը»։ Հասկանալիորեն այն համատեղ՝ թուրք-ադրբեջանական պլան և գործողություն էր։ Հոկտեմբերի 19-ին, ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները այդ մի քանի օրվա հարցազրույցից Շուշիի հատվածը հանել ու առանձին տարածել էին․․․ Ինչպես հետին թվով պարզ դարձավ, դրանք այն օրերն էին, երբ ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ քննարկվում էր հրադադարի հարցը ու հեռախոսազրույցներով կապվել էր թե Փաշինյանի, թե Ալիևի հետ։ Նոյեմբերի 17-ին Россия հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պուտինի բացահայտումներից մեկում մի կարևոր պահ անտեսվեց․ Վ․ Պուտինը մասնավորապես հայտարարել էր․ «Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար հիմա էլ այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ, ներառյալ Շուշին, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, իսկ մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ»։ Պուտինի ներկայացմամբ՝ այդ ժամանակ Փաշինյանն ասել էր, որ Երևանը չի կարող գնալ դրան, և հայտարարել էր պայքարը շարունակելու և պատերազմելու պատրաստակամության մասին․․․

Իսկ այս ամենում անտեսվածն այն է, որ Պուտինը Շուշին վերցնելու թուրք-ադրբեջանական պայմանավորվածության մեջ էր մտել, ինչպես նշում է՝ Ալիևին համոզել Շուշիում ևս ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին, սակայն Երևանը մերժել էր։ Այսինքն, Երևանը մերժել էր ոչ միայն թուրք-ադրբեջանական, այլ թուրք-ռուս-ադրբեջանական առաջարկը՝ մտածելով, որ ոչ միայն կկարողանան պահել հայոց բերդաքաղաքը, այլ նաև արդյունավետ հակահարձակման միջոցով ազատագրել Հադրութը և մնացածը, մանավանդ, որ հոկտեմբերի 7-8-ին Ջրականը/Ջաբրայիլը, անգամ՝ 2016-ին գրավված Լելե Թեփեն կարճ ժամկետով հայտնվեց հայկական վերահսկողության տակ, ինչի մասին վկայում են այդ մարտերի ու այդ բարձունքում եղած մասնակիցները, սակայն «պլանավորվածի համաձայն նախատեսված ստորաբաժանումը օգնության չհասավ ու սեպով թիկունքը չփակեց» (վկայությունն ու ձևակերպումը այդ տեղանքում ու այդ օրերին գտված և վիրավորված հրետանավորներից մեկինն է)։
Իհարկե, ինչպես հոկտեմբեր 19-20-ին Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցներից մեկում է Փաշինյանի՝ «արդյո՞ք ռուսական կողմը վիրավորանք կհամարի ռուսական պլանի մերժումը» հարցին հնչել է «իհարկե, ոչ» պատասխանը։ Սակայն, հաջորդած զարգացումներն ու փաստերն այլ բան են ցույց տալիս․․․ «Իհարկե, ոչ»-ն այնքան էլ այդպես չէր․․․․

Ռազմական հեղաշրջման փորձ Հայաստանո՞ւմ․․․

Հոկտեմբերի 17-ին 13 կուսակցություններ («Ազատություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Համերաշխություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայրենիք» կուսակցություն, «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան»), որոնց ճնշող մեծամասնությունը հետագայում ձևավորեց 17+ ձևաչափը, հանդես եկան հայտարարությամբ՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով «հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին», որը պետք է «ունենար որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություն», բացի այդ՝ «պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար դրա կազմում ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»:

Ուշագրավ է, որ նախորդած օրերին Ռուսաստանից Հայաստան էին ժամանել կրեմլամերձ ռուս փորձագետներ (օրինակ, Վիտալի Տրետյակովը), որոնք շտապեցին թվիթերում անգամ բաց ազդարարել, որ շուտով հետխորհրդային երկրներից մեկում ռազմական հեղաշրջում կլինի, իսկ քննարկումներում չթաքցրեցին, որ խոսքը Հայաստանի մասին է․․․ Իսկ այլ ռուս փորձագետներ էլ Ռուսաստանում էին ազդեցիկ հայերի շրջանակներում փակ հանդիպումներում խոսում «Նիկոլ Փաշինյանին փոխարինելու անհրաժեշտության» մասին․․․

Գրեթե 11 օր անց՝ հոկտեմբերի 27-ին, Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի օրը, այս պահանջը վերածվեց «քաղաքական իշխանությունը ռազմական ղեկավարությանը փոխանցելու» պահանջին, ավելի ստույգ՝ կոչ արվեց զինվորականությանն իրենց ձեռքը վերցնել իշխանությունը․․․ Ի պատասխան դրա՝ հենց Ջալալ Հարությունյանի վիրավորման ու փոխարինելու հայտարարության օրը՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ՊՆ-ն և ԳՇ-ն կոչ արեցին քաղաքական շրջանակներին զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից, վերահաստատեցին, որ «խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»։

Հերթական Հոկտեմբերի 27-ը, այս անգամ՝ Ջալալ Հարությունյանի «լիկվիդացումը»․․․

«Հետաքրքիր զուգադիպությամբ» Վազգեն Մանուկյանը ինչ-որ անբացատրելի առնչություններ է ունենում հոկտեմբերի 27-ի օրացուցային օրերի, եթե ոչ նաև իրադարձությունների հետ․․․

Օրեր առաջ՝ հունվարի 26-ին «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանն Արարատում հանդիպման ժամանակ խոստովանեց, որ «պատերազմի ավարտից երկու շաբաթ առաջ ինքն առաջարկել է, որ զինվորականներն իրենց ձեռքը վերցնեն իշխանությունը․ «Պատերազմի ժամանակ հեռախոսի միջոցով միշտ կապվում էի Արցախի հետ, գեներալների հետ, ասում էի. «…Վերցրե՛ք իշխանությունը ձեր ձեռքը, մի՛ թողեք, որ Արայիկ Հարությունյանը, սրա հրամանները կատարի, և Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը»: Ցավոք սրտի, դա չեղավ, և ես կարծում եմ, որ դա մեր բանակի թերությունն է, դա ցույց է տալիս, որ մեր բանակի վերնախավը, հենց սպաները, մենք դեռ չենք դարձրել էլիտար, կորպորատիվ մտածող, ազգին նվիրված ոչ թե ռազմական տեսակետից, այլ նաև քաղաքացիական տեսակետից»։

Վազգեն Մանուկյանի ասած նոյեմբերի 9-ից՝ հրադադարից 2 շաբաթը հենց այս շրջանն է՝ հոկտեմբերի 27-ի շրջանը․․․ Ովքե՞ր են եղել Վազգեն Մանուկյանի հետ զրուցած զինվորականները․․․ Ջալալ Հարությունյանի հետ խոսվել է անձա՞մբ, թե՞ միջնորդավորված․․․ Եթե միջնորդավորված, ապա ո՞վ է եղել միջնորդը․․․ Ի՞նչ է պատասխանել Ջալալ Հարությունյանը «Երևանին չենթարկվելու առաջարկին»․․․ Ի՞նչ կապ ունեն պատերազմի այդ շրջանում անգամ Արցախի առաջնագծում տարածված բամբասանքներն այն մասին, որ «Արայիկ Հարությունյանը պատանդի կարգավիճակում է հայտնի գեներալների մոտ և նրան որոշումները պարտադրվում են․․․»։ Իրականությանը համապատասխանո՞ւմ են նրա վրա «այլ աղդեցությունների» մասին զրույցները․․․ Եթե այո, դա եղե՞լ է Ջալալ Հարությունյանի վիրավորումից ու փոխարինումից հետո․․․․ Ի վերջո, շատերի համար առեղծված մնաց նոյեմբերի 9-ին Շուշիի վերաբերյալ Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հակասությունը․ նոյեմբերի 9-ին Արայիկ Հարությունյանն իր խոսնակի միջոցով հայտարարեց, որ «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից», իսկ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումն էր, թե «Շուշիի համար մարտերը շարունակվում են»․․․

Փաստն այն է, որ պատերազմի թիկունքում եղել է առաջադրված խնդիր՝ պատերազմը չպետք է ղեկավարի Երևանը, Ստեփանակերտը չպետք է ենթարկվի Երևանին, որը մերժել է «ադրբեջանաբնակ ու ռուս խաղաղապահներով Շուշիի» ադրբեջանա-թուրքական-ռուսական առաջարկով պատերազմը կանգնեցնելու առաջարկը, քանի որ Երևանը մտածում էր, որ կկարողանա ոչ միայն պաշտպանել Շուշին, այլ վերադարձնել մնացածը․․․․

Սակայն Երևանը պատժվեց․․․ Ու այստեղ է, որ առաջ է գալիս կրկին զինվորական բարձրագույն ղեկավարության, և հատկապես որոշ գեներալների «տարօրինակ» վարքագիծը նաև Շուշիի ու դրա պաշտպանության գործում, որի հետ կապված սոսկ չապացուցված մեղադրանքներ են ու կրկին անպատասխան հարցեր՝ Մովսես Հակոբյանը (Մոսին) չի ենթարկվում Սամվել Բաբայանին անձնական խնդիրների պատճառով կամ մեղադրում է վարչապետի կնոջը, Սեյրան Օհանյանը Շուշիի համար ճակատագրական վերջին երկու օրերին հանձնարարությամբ գալիս է Երևան, նաև իր ընկերոջ թաղմանը մասնակացելու, կամ Արգիշտի Քարամյանի վկայությամբ՝ Արթուր Վանեցյանը իրեն վստահված պատասխանատվության գոտիները լքում է, կամ որ Արցախի ԱԱԾ պետ Կամո Աղաջանյանը պայմաններ է ստեղծել Շուշի հասնելու համար, և այսպես շարունակ․․․ Իհարկե, թվարկված գեներալներն էլ իրենց կոնտրմեղադրանքներն են ներկայացնում։ Սրան էլ գումարած միացյալ ՀՕՊ-ի չաշխատելը ու Արցախի երկնքի բացվելը պատերազմի վերջին օրերին, ինչի մասին անգամ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունիի մասով, իսկ այլ զինվորականներ էլ՝ Շուշիի մասով․․․

Այդուհանդերձ, այս դրամայի ներքո հարց է ծագում՝ ովքե՞ր են եղել Վազգեն Մանուկյանի ու Արցախում գործած «ոչ ֆորմալ» շտաբի զրուցակից զինվորականները, ի՞նչ պատասխան են տվել «Երևանին չենթարկվելու որոշմանը»․․․

Շուշին, Փաշինյանը և վերջինիս «կծող ճանճը»․․․

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշիի մասին երեք անգամ է խոսել․ երեք անգամն էլ իր հասցեին հնչած՝ «Շուշին դավադրաբար հանձնելու» կամ «հանուն քիչ զոհերի ավելի վաղ ադրբեջանա-թուրքական-ռուսական առաջարկով չկանգնեցնելու» մեղադրանքներին հակադարձել է իրեն խճճող ձևակերպումներով։ Այն տպավորությունն է, որ Շուշիի մասին հարցերի դեպքում Փաշինյանին ինչ-որ «ճանճ կծում է»․․․ Թերևս, տպավորություն է, որ այս դրվագի մասին Փաշինյանը չի կարողանում ազատ արտահայտվել իրականության մասին ու իր ինքնաարդարացումներում վրիպումներ է թույլ տալիս։ Միտումնավո՞ր։ Որպեսզի Շուշիի զրույցը չփակվի՞, ու եթե ինքը ազատ չէ արտահայտվելու առումով, մյուսները դիսկուրսը շարունակե՞ն․․․ Ի՞նչ է թաքցվում Շուշիի մասով․․․

Շուշիի ուղղությամբ զարգացումները միգուցե համընկնումով են հնարավոր դարձել Ջալալ Հարությունյանի փոխարինումից հետո։ Մինչև Ջալալ Հարությունյանի վիրավորումը Արցախում ու Հայաստանում կային զրույցներ, թե «Ջալալի հեղինակությունը Արցախի բանակում բավարար չէ բոլոր զինվորականներին համախմբելու համար, ու ցանկալի է, որ փոխարինվի»։ Ինչո՞ւ էին առկա այս զրույցները․․․ Ի դեպ, Արցախում կռված երիտասարդ կամավորները բոլորն անխտիր հպարտանում ու ընդունում էին Ջալալ Հարությունյանի հեղինակությունն ու հրամանատարությունը։ Այսինքն՝ զորքի շրջանում նրա հրամանատարական որակների մասով կասկած չի եղել։ Այդ դեպքում, այդ ո՞ր բարձրաստիճան զինվորականներն էին, որ չէին համախմբվում ու նրան ընդունում․․․

Հունվարի 25-ին տված հարցազրույցում ՀՀ նախկին ՊՆախարար Դավիթ Տոնոյանը խոսելով իր ամենամեծ բացթողման մասին, ի մասնավորի ասել է․ «Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը»։

Չափազանց կարևոր է, թե վերոնշյալ զարգացումների համատեքստում ինչպես են արտահայտվել, օրինակ «Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին» վերաբերող «անհստակությունները»․․․ Ովքե՞ր չէին ենթարկվում․․․ Ինչի՞ն չէին ենթարկվում։ Ովքե՞ր և ի՞նչ լուծումների կողմնակից էին․․․

Միով բանիվ, կարևոր է նաև Արցախում Սամվել Բաբայանին Վիտալի Բալասանյանով փոխարինելու որոշումը, որը շատերը Երևանում մեկնաբանեցին Արցախյան պատերազմի դրամայի մասին ողջ ճշմարտությունն իմնանալուն խոչընդոտող նշանակում․․․

Պատերազմի հետաքննությունը պարտադիր է։ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե գալու է դրա մասին խոսելու ժամանակը։ Առայժմ կան միայն որոշ քրեական գործեր, ու այսպիսի բազմաթիվ անպատասխան հարցեր։ Իսկ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործի քննությունը ցույց կտա՝ ունի արդյո՞ք քաղաքական իշխանություն ճշմարտությունը դրվագ առ դրվագ բացելու քաղաքական կամք և ազատություն․․․»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ