Աշխարհում հաշմանդամություն ունեցող մոտ 240 միլիոն երեխա կա․ ՅՈՒՆԻՍԵՖ-Azat TV
Առողջապահություն

Աշխարհում հաշմանդամություն ունեցող մոտ 240 միլիոն երեխա կա․ ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի՝ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է գրեթե 240 միլիոն: Հաշմանդամություն ունեցող երեխաները, ի տարբերություն հաշմանդամություն չունեցող երեխաների, ավելի անբարենպաստ դիրքում են երեխայի բարեկեցությունը փաստող չափանիշների հաշվարկում՝ ասվում է զեկույցում:

«Այս նոր հետազոտությունը հաստատում է այն, ինչ մենք արդեն գիտեինք։ Հաշմանդամություն ունեցող երեխաները բախվում են բազմաթիվ և հաճախ համակցված մարտահրավերների իրենց իրավունքների իրացման հարցում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Կրթության հասանելիությունից մինչև տանը երեխայի համար ընթերցելը. հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի քիչ հավանական է, որ ներառվեն կամ լսված լինեն գրեթե բոլոր իրավիճակներում: Շատ հաճախ հաշմանդամություն ունեցող երեխաները պարզապես անտեսվում են»:

Զեկույցը ներառում է 42 երկրի միջազգայնորեն համադրելի տվյալներ և ներառում է երեխաների բարեկեցության ավելի քան 60 ցուցիչ՝ սկսած սնուցումից և առողջությունից, մինչև ջրի և սանիտարական պայմանների հասանելիություն, բռնությունից և շահագործումից պաշտպանություն և կրթություն: Այս ցուցիչները բաժանված են ըստ ֆունկցիոնալ դժվարության տեսակի և ծանրության, երեխայի սեռի, տնտեսական կարգավիճակի և երկրի: Զեկույցը հստակ ցույց է տալիս, թե ինչ խոչընդոտների են բախվում հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց հասարակության լիարժեք մաս կազմելու համար, և թե ինչպես է դա հաճախ հանգեցնում առողջական և սոցիալական բացասական հետևանքների:

Իրավիճակը Հայաստանում

2020 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 8771 երեխա, որոնցից 2757-ը՝ աղջիկ։ (Աղբյուր՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը զեկույց, 2020 թ․)

Համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի՝ ՀՀ-ում բոլոր դպրոցները ներառական են։ 2021 թվականին ընդունվել է նախադպրոցական լրիվ ներառական կրթության համակարգին անցնելու գործողությունների ծրագիր։ (Աղբյուր՝ https://escs.am/am/news/8453):

2020 թվականի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 86927 է։ Այս թվից 2933-ը հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող ընտանիքներ են: (Աղբյուր՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը զեկույց, 2020 թ.):

2016 թվականի դրությամբ գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաների միայն 1/3-ն է ընդգրկված նախադպրոցական հաստատություններում, մինչդեռ նրանց 2/3-ը վերականգնողական ծառայություններ չի ստանում։

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ամենից հաճախ զրկվում են կրթության իրավունքից բազմաթիվ գործոնների պատճառով՝ սկսած մատչելիությունից և խտրական վերաբերմունքից մինչև մասնագետների և մասնագիտացված ուսումնական նյութերի բացակայություն:

ՔՈՎԻԴ-19-ը սրել է այս մարտահրավերներից մի քանիսը և ստեղծել նորերը՝ նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ