«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը միացել է Սահամանադրական դատարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին: Նա նշել է, որ ուրախ է, որ լայն քննարկման առարկա է դառնում դատաիրավական բարեփոխումների հարցը, և կապ չունի, թե որքանով է նորմալ դատարանների ելքերն ու մոտքերը փակելը:
Նրա խոսքով՝ որոշ ընդդիմախոսներ բողոքի ակցիան փորձում են մեկնաբանել որպես ճնշում դատարանի վրա:
«Դատարանի վրա ճնշում, ենթադրում է կոնկրետ գործով ճնշում, այսինքն` եթե այստեղ հավաքված մարդիկ դատարանի դուռը փակեին և ասեին, թե դուռը չեն բացի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չկայացնի այսինչ որոշումը, դա կլիներ ճնշում դատարանի վրա։ Բայց հավաքված մարդիկ կոնկրետ գործի հետ կապված որևէ պահանջ չունեն, նրանց պահանջն առհասարակ դատական համակարգի հետ է կապված»,-ասաց Իոաննիսյանը։
Իոաննիսյանը կարծում է, որ այս խնդրի լուծումը հիմնականում դրված է խորհրդարանի վրա թե′ անցումային արդարադատության սահմաններում, օրինակ՝ դատավորների վեթինգով, թե′ առհասարակ դատաիրավական բարեփոխումներով ի վերջո պետք է Հայաստանում հիմնադրվի արդարադատության նորմալ համակարգ։