ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ այս համատեքստում կարևորելով խորհրդարանական փոխգործակցության դերը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, և հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արգենտինայի խորհրդարանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման համար:
Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու պետությունների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի արդյունավետ և փոխգործակցային գործունեությունը` հույս հայտնելով, որ այս ձևաչափում ավելի ակտիվ համագործակցությունը կարտացոլի Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների բարձր մակարդակը:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են նաև ավելի սերտ փոխգործակցության կարևորությունը, մասնավորապես տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև կապերի խթանումը զբոսաշրջության զարգացման ոլորտում: