fbpx
Քաղաքականություն

Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքը

Մայիսի 3-ին տեղի ունեցավ հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի փակման և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Ողջունելով էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և պատվիրակության մյուս անդամներին՝ հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանն իր գոհունակությունը հայտնեց միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում կատարված աշխատանքի կապակցությամբ։ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծեց երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկու կողմերի դեսպանների գործադրած ջանքերի կարևորությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը մատնանշեց հանդիպումների արդյունքում երկու երկրների միջև հարաբերություններում ձեռք բերված էական առաջընթացը։ Պետնախարարը հույս հայտնեց, որ հայ-էմիրաթական բարեկամությունը կշարունակի հարատև ծառայել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ամենատարբեր ոլորտներում։ Էմիրաթական կողմի համանախագահը նշեց, որ ինքը և իր թիմը անհամբերությամբ սպասում են միջկառավարական հանձնաժողովի երկրորդ հանդիպմանը ԱՄԷ-ում։

Երկու համանախագահների ելույթներին հաջորդեց «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության», «ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄԷ Abu Dhabi Global Market ֆինանսական ծառայությունները կարգավորող մարմնի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի և «ՀՀ Արմենպրես պետական լրատվական գործակալության և Էմիրաթական լրատվական գործակալության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ