fbpx
Սպորտ

Հայ ֆուտբոլիստները Ղազախստանում այլևս լեգիոներներ չեն համարվի

Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկված երկրների ֆուտբոլիստները 2020 թվականից լեգիոներ չեն համարվի Ղազախստանում: Նման որոշում է կայացրել երկրի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան:

Ինչպես հայտնի է, այս պահին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մտնում է 5 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը:

Այս կազմակերպության անդամ երկրների համար տնտեսական ինտեգրացիան՝ ի դեմս ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի, Ղազախստանում որոշել են տարածել նաև ֆուտբոլի վրա: Ղազախստանն առաջին ու դեռևս միակ երկիրն է, որ նման նախաձեռնությամբ հանդես եկավ:

Ղազախստանում վստահ են՝ այս քայլն արդյունավետ կլինի իրենց ֆուտբոլի զարգացման համար ու կգրավի այդ 4 երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի ազգային հավաքականների ներկայացուցիչներին:

Հայտնի է՝ Ղազախստանի առաջնությունը շատերին գրավում է ֆինանսական բարձր պայմաններով: Ընդ որում, խոսքը միայն թոփ-ակումբների մասին չէ: Վերջին մի քանի տարում Հայաստանի ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ հանդես են եկել Ղազախստանում՝ մրցաշարային ոչ այնքան բարձր հավակնություններ ունեցող թիմերում: Օրինակ, Կամո Հովհաննիսյանն ու Էդգար Մալաքյանը պաշտպանել են «Ժետիսուի» գույները, Տիգրան Բարսեղյանը խաղացել է «Կայսարում»:

Հարկ է նշել նաև Ղազախստանի առաջնության 2018 մրցաշրջանի լավագույն ռմբարկուի՝ Մարկոս Պիզելիի անունը, չնայած, ըստ ղազախական մամուլի, նա առանձնահատուկ պայմանագիր ուներ «Ակտոբեի» հետ:

ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներին լեգիոներ չհամարելու որոշումից հետո նկատելիորեն ավելացել են տարատեսակ շշուկները հայ ֆուտբոլիստների` ղազախական ակումբներ տեղափոխվելու վերաբերյալ:

Այսպես, օրերս հայտնի դարձավ, որ ղազախական «Ժետիուսին» է միացել Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը, որը թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:

Սպասվում է՝ նրա ապագայի հարցում մոտ օրերս հստակություն կլինի:

Ղազախական մեկ այլ թիմին՝ «Կայրաթին» միանալուն էլ մոտ է Կամո Հովհաննիսյանը: Ըստ լուրերի, 27-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս պայմանագիր կկնքի Ղազախստանի կրկնակի չեմպիոնների հետ:

Նա արդեն առաջին մարզումն է անցկացրել «Կայրաթի» կազմում:

Ղազախ երկրպագուներն արդեն «բարի գալուստ» են մաղթում Կամոյին՝ «Կայրաթում»:

Ղազախ երկրպագուներն արդեն «բարի գալուստ» են մաղթում Կամոյին՝ «Կայրաթում»
Հովհաննիսյանը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է «Ժետիսուում», որի կազմում 58 հանդիպման է մասնակցել ու դարձել 6 գոլի հեղինակ:

Ի դեպ, սպասվում է, որ Հովհաննիսյանը «Կայրաթի» միակ հայ ֆուտբոլիստը չի լինի:

Կարիերան Ղազախստանում կշարունակի նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Ըստ ղազախական մամուլի, ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստների՝ Ղազախստանում լեգեոներ չհամարվելու օրենքի ընդունումից հետո, «Աստանան» պայմանագիր է կնքել Բարսեղյանի հետ: Չնայած այդ մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չկա:

Ավելի վաղ շշուկներ էին տարածվել այն մասին, որ Բարսեղյանը մոտ է ԱՄՆ տեղափոխությանը: Ֆուտբոլիստը հիմա գտնվում է ԱՄՆ-ում, բայց, ամենայն հավանականությամբ, շուտով կմիանա «Աստանային», որը հունվարի 15-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Պորտուգալիայում:

Տիգրանի նոր ակումբը դարձել է Ղազախստանի ավարտված առաջնության չեմպիոն ու հանդես կգա Չեմպիոնների լիգայում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Ղազախստանի նախորդ առաջնությունում պաշտպանում էր «Կայսարի» գույները, որի կազմում 12 գոլ է հեղինակել:

https://www.instagram.com/p/B3jtW9UAlPv/?utm_source=ig_embed

Նշենք՝ 2020-ին Ղազախստանի առաջնությունում լեգեոներների քանակը կլինի նույնը, ինչ՝ նախկինում: Պրեմիեր-լիգայի թիմերի հայտացուցակում կարող է ընդգրկված լինել 8 արտասահմանցի խաղացող, նրանցից առավելագույնը 6-ը կարող են միաժամանակ գտնվել դաշտում: Եվ հիմա ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստները չեն ներառվի այդ թվի մեջ:

Գրում է ArmSport-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ