fbpx
Սպորտ
19:40 20/11/2019

Հայ մարմնամարզիկները Կոտբուսում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Նոյեմբերի 21-24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալու է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Հայաստանը մրցաշարում ունենալու է 4 ներկայացուցիչ`Հարություն Մերդինյան (նժույգթափեր), Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան (երկուսն էլ՝ օղակներ), Արթուր Դավթյան (նժույգթափեր, հենացատկ, պտտաձող):

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է ութ փուլով`2018-2020 թվականների ընթացքում երկուական մրցաշար Կոտբուսում (Գերմանիա), Մելբուռնում (Ավստրալիա), Բաքվում (Ադրբեջան) և Դոհայում (Կատար): Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարող մարզիկները պարտավոր են մասնակցել այդ փուլերից առնվազն 4-ին, որոնցից 3 լավագույններից կկատարվի միավորների ընդհանուր հաշվարկը: Յուրաքանչյուր վարժությունում միավորների ընդհանուր հաշվարկով լավագույն մարմնամարզիկը կստանա Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայ մարմնամարզիկներն արդեն մասնակցել են 2018 թվականի Կոտբուսի և այս տարվա Դոհայի մրցափուլերին, իսկ Բաքվում կայանալիք մրցաշարերին չեն մեկնելու:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել է, որ առաջիկա օրերին Կոտբուսում հաջողություններ գրանցելու դեպքում կմասնակցեն Մելբուռնի մրցափուլին.

«Կոտբուսում մեր հիմնական նպատակն Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելն է։ Բարդ է լինելու, քանի որ հնարավորությունները քիչ են, բայց պետք է պայքարենք։ Եթե Կոտբուսում հաղթող ունենանք, ապա իմաստ կունենա պայքարել միավորներով և փետրվարին մեկնել Ավստրալիա՝ աշխարհի գավաթի հաջորդ փուլին»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզությունից Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի դեռևս մեկ ուղեգիր ունի, որը նվաճել է Արթուր Դավթյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ