Սպորտ
16:20 27/12/2019

Հայ մարզիկները 2019 թվականին 222 մեդալ են նվաճել

Պետական աջակցության ծրագրում ընդգրկված ֆեդերացիաները 2019 թվականի ընթացքում մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, երկրորդ Եվրոպական խաղերում և համաշխարհային ունիվերսիադայում նվաճել են, ընդհանուր առմամբ, 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումների են արժանացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, Եվրոպական խաղերի չեմպիոն են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը և Արթուր Հովհաննիսյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացրել է 37 մարզիկ, որոնք նվաճել են 5 ոսկե (հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1), 3 արծաթե (հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1) և 3 բրոնզե (բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1) մեդալներ: Եվրոպական խաղերին մասնակցող 43 երկրների թվում Հայաստանի պատվիրակությունը թիմային հաշվարկով զբաղեցրել է 11-րդ տեղը:

Բացի այդ, պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 ֆեդերացիաներն անցնող տարվա ընթացքում պետական ֆինանսավորմամբ անցկացրել են Հայաստանի Հանրապետության 100 առաջնություններ, 147 ուսումնամարզական հավաք, մասնակցել 195 միջազգային մրցաշարի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների (բոլորը՝ մեծահասակների, երիտասարդների և պատանիների):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ