Հայ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Բաթումում

Հուլիսի 5-10-ը Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումում անցկացվեց Սևծովյան երկրների փաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) միջազգային գավաթի առաջնությունը, որին մասնակցում էր 10 երկիր։ Հայաստանը ներկայացնում են մոտ 40 մարզիկ պատանիների, երիտասարդների, մեծահասակների, վետերանների և հաշմանդամություն ունեցողների խմբերում։ Մեր մարզիկներն ավարտել են ելույթները:

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը 90 կգ քաշային կարգում եռամարտի 325 կգ ընդհանուր արդյունքով դարձավ բացարձակ առաջատար և ընդգրկվեց լավագույն մարզիկների տասնյակում։ Եվրոպայի և աշխարհի չեմպիոնը կարևորեց այս հաղթանակը, քանի որ կարողացել է բարձր միավորներով առավելության հասնել թիմին մարտահրավեր նետած թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ, ցույց տալ « հայի ուժը»։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, բազմակի մեդալակիր Յուրի Սաքունցը 67,5 կգ քաշային կարգում երկամարտի 295 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց հաղթողի և մինչև 23 տարեկան տարիքային խմբում բացարձակ չեմպիոնի տիտղոսը։

Թիմային հաշվարկով մրցանակային տեղերը բաշխվեցին Հայաստանի, Վրաստանի և Իրանի միջև։ Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի հաղորդմամբ՝ ֆեդերացիան շուտով սկսելու է նոր համագործակցություն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Մանրամասները՝ առաջիկայում։

Գրում է 911 արտակարգ թերթը։

Ամենաթարմ