fbpx
Քաղաքականություն

Հայ և չեխ խորհրդարանականները կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը

ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, անդամներ Վահագն Հովակիմյանը, Վիկտոր Ենգիբարյանը և Կորյուն Մկրտչյանը մայիսի 6-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը խոսել է երկու երկրների պատմական նմանությունների մասին, կարևորել բարեկամական խմբերի համագործակցության հետագա խորացումը՝ որպես խորհրդարանական դիվանագիտության հարթակ: Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին՝ նա արժևորել է այս հարցում Չեխիայի հարուստ փորձի ուսումնասիրումը:

Միլան Շտեխը նշել է, որ Չեխիայի խորհրդարանի Սենատում չկան բարեկամական խմբեր, սակայն Սենատը համագործակցում է Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի, այդ թվում Չեխիա-Հայաստան խմբի հետ: Սենատի փոխնախագահը տեղեկացրել է, որ Չեխիայում վերջին 30 տարում տարբեր ոլորտներում իրականացվել են բարեփոխումներ, այժմ իրենց երկիրն արագ զարգացողների շարքում է ու կարիք ունի որակյալ մասնագետների:

Հայ և չեխ խորհրդարանականները խոսել են մի շարք ոլորտներում համագործակցությունից, համատեղ ծրագրերի իրականացումից: Միլան Շտեխը նշել է, որ Չեխիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, կարող է աջակցել Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող բնագավառների զարգացմանը:

Գայանե Աբրահամյանն անդրադարձել է նաև հարկային օրենսդրության փոփոխությանը՝ ուղղված ներդրումների ներգրավման ավելի պարզ ընթացակարգերի սահմանմանը: Սենատի փոխնախագահն ընդգծել է, որ չեխ գործարարները հետաքրքրված են Հայաստանով, ինչն իր հերթին խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծմանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ