fbpx
Հասարակություն

Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենը կամփոփի մեկ տարվա աշխատանքը

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի բարեկամներ և գործընկերներ, ս․թ․ հոկտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին Բյուրո ակումբում կներկայացնեմ Հիմնադրամի նոր կայքն ու դրա հնարավորությունները, որին հրավիրում եմ բոլոր հետաքրքրված լրատվամիջոցներին։

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ հակիրճ ամփոփել մեկ տարվա ընթացքում կատարածս աշխատանքը․

– Հայաստանի ու սփյուռքի 60 ներկայացուցիչների համատեղ մտքի արդյունքում ձևակերպվել է Հիմնադրամի ռազմավարությունը, որը միտված է իրականացվող ծրագրերին տալ բարձր արդյունավետություն, թափանցիկություն, հաշվետվողականություն և հարատևություն
– Հիմնադրամում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք նպաստել են աշխատանքի արդյունավետության բարձրացմանը
– Հիմնադրամի բոլոր ընթացիկ ծրագրերը մշտադիտարկվում և գնահատվում են բարձր որակավորում ունեցող մասնագետի կողմից
– Հիմնադրամի աշխատանքներին նոր շունչ և էներգիա են հաղորդել երիտասարդ և փորձառու աշխատակիցներ
– Աշխատանքային գործընթացներում որդեգրած նոր մոտեցումները երաշխավորում են համայն հայության տրամադրած միջոցների արդյունավետ ու թափանցիկ ուղղորդումը
– Գործարկվել է նոր տեխնոլոգիաներով արդիականացված ինտերակտիվ կայքը, որը ապահովելու է մեզ համար կարևոր և օգտակար հանրային վերահսկողությունը, ինչպես նաև առցանց նվիրատվությունների ժամանակակից մեխանիզմների ներդրումը
– Բարելավվել է հիմնադրամի գնումների գործընթացը, որը դարձել են ավելի մրցակցային ու թափանցիկ, իսկ ծախսերի մասով՝ ավելի արդյունավետ
– Հիմնադրամի տարեկան հաշվետվությունը ներկայացվել է նորովի, որտեղ իրականացրած ծրագրերը մեկնաբանվել են հայաստանաբնակ և սփյուռքահայ գրողների անձնական փորձառության և ընկալումների միջոցով
– Ստեղծվել է հաշվապահական հաշվառման քաղաքականություն
– 2018 թվականի հաշվապահական աուդիտն իրականացրել է նոր ընկերություն, որն ընդգրկված է համաշխարհային լավագույն տասնյակում
– Շուտով կավարտվի ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի կանոնակարգի ստեղծումը, որը կբացառի շահերի բախումը և այլ ռիսկերը
– Նշեմ նաև, որ արդյունավետ և օգտակար հանդիպումներ եմ ունեցել Փարիզի, Նյու Յորքի, Տորոնտոյի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Սան Պաոլոյի, Բուենոս Այրեսի, Կահիրեի, Ամստերդամի, Բեյրութի և այլ հայ համայնքների ներկայացուցիչների հետ։

Վստահ եմ, որ վերոնշյալ գործունեությունը էլ ավելի կամրապնդի «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը, որը խաթարվել էր նախկինում և, որը բացարձակ չի տեղավորվում Նոր Հայաստանի տրամաբանության շրջանակներում։

Այժմ, Հիմնադրամի թիմը նախապատրաստվում է ս․թ․ նոյեմբերի 28-ին կայանալիք ամենամյա մարաթոնին։ Վստահ ենք, որ համայն հայության համատեղ ուժերով ցանկալի արդյունք ենք արձանագրելու՝ էլ ավելի խթանելով Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը։

Գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի նախկինում որևէ անձի կողմից իրականացրած որևէ արարք չստվերի հիմնադրամի 28-ամյա բարձր առաքելությունը, քանի որ այս համահայկական կառույցի միջոցով շուրջ 350 միլիոն դոլարի ծրագրեր են իրականացվել մեր հայրենիքում։ Իրապես հպարտ ենք Հիմնադրամի նվաճումներով և նվիրատուներով»։

https://www.facebook.com/harshamyan/posts/10157215743314713

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ