fbpx
Կրթություն
09:30 29/06/2019

Հայաստան-Ինդոնեզիա. համագործակցության համաձայնագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն հունիսի 28-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ:

Համաձայնագիրը ստորագրել են Արևիկ Անափիոսյանը և Գիտության, տեխնոլոգիաների ու բարձրագույն կրթության կառուցվածքային հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Պատդոնո Սուվինյոն:

Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է համագործակցություն հաստատել տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների (ՏԲԻ) և գիտատեխնոլոգիական պարկերի (ՏԲԻ և ԳՏՊ) միջև՝ փոխադարձ շահավետության հիման վրա գիտելիքներ փոխանակելու ու դրանցով կիսվելու համար։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են:

Ինդոնեզական կողմը կարևորել է նաև ՄԿՈՒ ոլորտում համագործակցությունը՝ ընդգծելով, որ համապատասխան ծրագրեր են իրականացվում Շվեյցարիայի, Գերմանիայի, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Արևիկ Անափիոսյանն իր հերթին ներկայացրել է հայաստանյան փորձը, մասնավորապես, դուալ համակարգի ներդրումը գերմանական GIZ-ի աջակցությամբ՝ ընդգծելով, որ այս ոլորտում ևս կարող է իրականացվել փորձի փոխանակում:

Փոխնախարարը նշել է նաև, որ նախարարության կողմից գիտատեխնոլոգիական պարկերի համագործակցության համար նշանակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որը, ըստ Արևիկ Անափիոսյանի, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում՝ իրականացնելով բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր և հանդիսանալով համապատասխան բնագավառի առաջատարը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է համաձայնագրի հիմնական ուղղությունները:

Մասնավորապես, կողմերը՝

կկազմակերպեն փոխադարձ այցելություններ ՏԲԻ և ԳՏՊ անձնակազմերի ու փորձագետների միջև,
առանց գիտական աստիճանի շնորհման՝ կկազմակերպեն ծրագրեր (վերապատրաստում, նպատակային ուսուցումներ) ՏԲԻ-ի և ԳՏՊ-ի գործարկման ու կառավարման, ինչպես նաև նորարարությունների ու ձեռնարկատիրության ուղղությամբ՝ տեխնոլոգիաների փոխանցման շուրջ,
աջակցություն կցուցաբերեն Ինդոնեզիայի անձնակազմի՝ հայկական ՏԲԻ-ներում և ԳՏՊ-ներում փորձուսման կազմակերպման համար և հակառակ ուղղությամբ՝ երկու երկրներում ՏԲԻ-ի և ԳՏՊ-ի բնագավառներում կարողությունների զարգացումն ամրապնդելու նպատակով,
կիրականացնեն Հայաստանում ինկուբատորների ոլորտում վերապատրաստման և ինկուբատորների կամ ՀՏԲԿՆ ՄՌ կառավարիչների վերապատրաստման գործողությունների 2019 թվականի ծրագիրը՝ դիտարկելով ուսման վճարի զեղչման հնարավորությունը,
կխրախուսեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին ներդրումներ կատարել ու խթանել տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնես գործընկերությունը մյուս երկրի ՏԲԻ և ԳՏՊ բնագավառներում,
երկու երկրների միջև ՏԲԻ-ների շրջանում կկազմակերպեն համատեղ համաինկուբացիոն ծրագրեր այն ՏԲԻ ստարտափների համար, որոնք կցանկանան իրենց շուկան ընդլայնել արտերկրում, կխրախուսեն քույր ՏԲԻ-ների և քույր ԳՏՊ-ների ստեղծումը։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ