Ունենք համայնքապետարաններ, որոնք շատ լավ են պատկերացնում իրենց համայնքի զարգացումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ցավոք, այդ թիվը մեծ չէ, և սա է պատճառը, որ մենք փորձում ենք նոր որակ հաղորդել համայնքների կառավարմանը և առաջիկայում, երբ ի հայտ կբերվի նոր խոշորացման ծրագիրը, նախատեսում ենք, որ պետք է Հայաստանի համայնքներում ներդրվի համամասնական ընտրակարգ», – ասաց նախարարը։
Ըստ Պապիկյանի՝ որպեսզի համամասնական ընտրակարգը լինի ամբողջական, և մոտեցումը ճիշտ լինի, պետք չէ շեշտը դնել միայն կուսակցական պատկանելության վրա։
«Փաստ է, որ գոնե մարզերում կուսակցությունները, ցավոք, բավարար կայացած չեն։ Եվ հանրային նախաձեռնություններին, քաղաքական և հասարակական խմբերին ավագանիում և համայնքի ղեկավարմանը ներգրավվելու համար մենք պետք է հարթակ ու հնարավորություն ստեղծենք», – հավելեց նախարարը։