fbpx
Մշակույթ

«Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ եվրոպական աշխարհահռչակ բեմերում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբն արդեն հասցրել է զարմացնել Գերմանիայի և Լիտվայի պահանջկոտ հանդիսատեսին: Շրջագայությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Այն համընկել է նաև ՀՀ անկախության 28-ամյակին:

Համերգաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Բեռլինի «Կոնցերտ հաուս» հեղինակավոր դահլիճում ՀՀ Անկախության տոնին նվիրված երեկոյի ընթացքում երգչախումբը ներկայացել է հայ և արտասահմանյան դասականների ստեղծագործություններով: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Միխայել Ռոթը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Իր խոսքում դեսպանը նկատել է, որ անկախության 28 տարիների ընթացքում մեծացել է մի սերունդ, ի դեմս երգչախմբի երեխաների, որը Հայաստանի լուսավոր ապագայի երաշխիքն է:

«Այս երեխաները Հայաստանի մշակութային դեսպաններն են, ովքեր իրենց անջնջելի ձեռագիրն են թողնում մեր հարուստ մշակութային ժառանգության մեջ»,-նշել է դեսպանը:

Երգչախումբը սեպտեմբերի 29-ի ելույթ կունենա նաև Լայպցիգի աշխարհահռչակ Գևանդհաուս համերգադահլիճում, հաջորդ օրը՝ Հալլեում:

Լիտվայում երգչախումբը համերգներով հանդես է եկել Տրակայի կղզու 700-ամյա ամրոցում, Կաունասի Սուրբ Ֆրանցիսկի տաճարում և Մալետայի Մշակույթի տանը:

Վիլնյուսի Սուրբ Կատարինա եկեղեցում, որն արդեն երկար տարիներ գործում է որպես համերգադահլիճ, կայացել է երգչախմբի գալահամերգը։ Երեկոյին ներկա են եղել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պետական այրեր, մշակույթի գործիչներ։ Համերգի ավարտին հնչել է Է. Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանը»՝ «Հայաստանի Փոքրիկ Երգիչների» և լիտվական հայտնի «Աժոլուկաս» և «Ուգնյալե» երգչախմբերի կատարմամբ:

Համերգներին ներկա երաժշտասերները նկատել են, որ երգչախմբի ելույթները անիրական թվացող են եղել, իսկ կատարողական վարպետությունը՝ 30-40 տարվա փորձառությամբ երաժիշտների նման:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ