fbpx
Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ավարտում է այցը ԱՄՆ-ի մայրաքաղաք

Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում նախկին տարիներին Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի և Մայքլ Լեմոնի հետ: Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնաթող դիվանագետներին հատկապես հետաքրքրում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից անցկացվող համակարգային բարեփոխումները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը:

«Շատ կարևոր էր տեսնել, որ դեսպանները ոչ միայն ուրախ էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով և զարգացումներով, այլև հստակ արձանագրեցին, որ նաև Ամերիկայում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. Հայաստանն այժմ այլ ընկալումներ ունի և այլ ճանաչողության մակարդակ», – պատմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Նախկին դեսպաններին, ովքեր Երևանում իրենց պաշտոնավարման տարիներին ուշադիր հետևել են Հայաստանում ընթացող զարգացումներին, հատկապես հետաքրքրում էին նոր պայմաններում խորհրդարանի դերն ու նախատեսվող բարեփոխումները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ նշեց, որ խորհրդարանում աշխատանք է ընթանում նախկին իշխանություններից ժառանգած գերհզոր գործադիրին հավասարակշռելու խորհրդարանական միջոցների մշակումը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցն իր կողմից նշեց, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ավարտված կլինի 2020 թվականին:

Ուրբաթ օրվա երկրորդ կեսին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի նաև Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում: Տաթևիկ Հայրապետյանի խոսքով, ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած հանդիպումները կարևոր հիմք են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար.

«Մենք մի քանի հիմնական ուղղություններ նշել ենք այս պահի դրությամբ. Ինստիտուտների հաստատում, ժողովրդավարություն, հակակոռուպցիոն մարմինների ստեղծում և մի շարք այլ ռեֆորմներ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել և պայմանավորվել աշխատել միասին և հենց այդ աշխատանքի արդյունքում այդ բովանդակային էլեմենտը կդառնա ավելի շոշափելի և առարկայական»:

«Թավշյա հեղափոխությունից» հետո ընտրված նոր խորհրդարանում սա հայ-ամերիկյան խորհրդարանական խմբի անդամների առաջին այցն էր Միացյալ Նահանգների մայրաքաղաք: Պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցընշել է, որ այցի ընթացքում հայ օրենսդիրները փորձելու են ռազմավարական մակարդակի բարձրացված հայ-ամերիկյան գործընկերությունը պարզ բովանդակությամբ լցնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ