fbpx
Արցախ

21:20 15/5/2019

Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահներն ամփոփել են միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները

Մայիսի 15-ին Ազգային ժողովում կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ճեպազրույցը, որի ընթացքում երկու հայկական պետությունների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներեքերորդ նիստի արդյունքներին:

Աշոտ Ղուլյանն իր և գործընկերների անունից գոհունակություն է հայտնել կայացած միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի կապակցությամբ՝ նշելով, որ նիստի մասնակիցներն արձանագրել են քննարկումների արդյունավետությունը: Օրակարգային՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները և խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում թեմայի շրջանակում պատգամավորները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց տեսակետները, առաջարկներն ու կարծիքները:

Ըստ ԱՀ ԱԺ նախագահի՝ չնայած Ստեփանակերտում 7-րդ գումարման ՀՀ խորհրդարանի բոլոր խմբակցություններին բարձր մակարդակով ընդունելու հնարավորություն է եղել, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը մի քանի անգամ այցելել է Ստեփանակերտ, սակայն գործնական աշխատանքների իմաստով այսօրվա հանդիպումը Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հետ և միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը ցույց տվեցին փոխգործակցության հետագա ճանապարհը:

«Վստահ եմ, որ այսօրվա քննարկումներից մեծ թվով հարցեր կառանձնացվեն հաջորդ ամիսներին մեր գործողությունների համար, ունենք կոնկրետ պայմանավորվածություններ մի քանի ուղղություններով, այդ թվում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման: Արցախի խորհրդարանի պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ նախագահին և մեր բոլոր գործընկերներին, քանի որ դիպուկ հարցադրումներ եղան, որոնք կօգնեն առաջիկա ամիսներին ավելի ճիշտ ուղղորդել մեր համատեղ աշխատանքը»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Արարատ Միրզոյանը ևս գոհունակություն է հայտնել նիստի արդյունքների կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի անունից շնորհակալություն հայտնելով արցախցի գործընկերներին: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը ևս ընդգծել է նիստի քննարկումների նպաստավոր ընթացքը՝ նշելով, որ օրակարգային թեման բացառիկ կարևոր նշանակություն ունի, որի վերաբերյալ հնչել են լուրջ հարցադրումներ ու մտքեր, անդրադարձ է եղել հետաքրքիր նրբերանգների:

«Մեր խորհրդարանականներն այժմ առավել հստակ պատկերացում ունեն, թե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն զանազան միջազգային բազմակողմ ու երկկողմ շփումներում: Կարծում եմ, որ այս քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ գործընթացը շարունակական է: Նախանշեցինք հարցեր հետագա քննարկումների համար նաև այլ ոլորտներին առնչվող»,-ընդգծել է Ազգային ժողովի նախագահը:

Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը պատասխանել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Վերեվ