Տնտեսություն

Հայաստանից կաշվե իրեր կարտահանվեն ԵՄ, Ասիայի երկրներ և Ռուսաստան

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ, ՌԴ-ում պայուսակների արտադրությամբ զբաղվող «Elmasta» ֆաբրիկայի և հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ Հայաստանում կարտադրվեն կաշվե պայուսակներ։ Ինչպես տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային լապերի թիմից, հայկական ընկերություններին արտապատվիրված մոդելները, «Made in Armenia» մակնշմամբ, կարտահանվեն Եվրամիության, Ասիայի երկրներ և Ռուսաստան։ Առաջին խմբաքանակը դեպի Ռուսաստան նախատեսվում է արտահանել փետրվարի վերջին։

«Այս փուլում օտարերկրյա գործարարին ծանոթացնում ենք Հայաստան/ԵԱՏՄ հումքի ներմուծման, ապրանքի արտահանման ռեժիմներին, Եվրամիության GSP+, REX և այլ արտոնյալ ընթացակարգերին։ Բացի այդ, տեղական արտադրողների հետ կազմակերպել ենք B2B հանդիպումներ, որոնցից հետո էլ արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

«Elmasta» ընկերության մասնագետները հրավիրվել են այցելելու մարտին Մոսկվայում կայանալիք «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսի հայաստանյան տաղավար, որտեղ Բիզնես Արմենիայի աջակցությամբ ավելի շատ ընկերությունների արտադրանքին ծանոթանալու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի։

«Elmasta» կաշվե աքսեսուարների գործարանի սեփականատեր Վլադիմիր Ուլյանովը և «Ալյանս» ռուս-վրաց-հայկական գործարար կապերի հիմնադրամի փոխնախագահ Ինգա Դրինևսկայան «Բիզնես Արմենիա»-ի մասնագետների աջակցությամբ հանդիպումներ են ունեցել կաշվե իրեր և պայուսակներ արտադրող հայաստանյան «Արտիս», «Ամոռե» և «Սաֆիան» ապրանքանիշերը ներկայացնող ընկերությունների մասնագետների հետ, ծանոթացել արտադրական պոտենցիալին, ապրանքի որակին։ Որոշում է կայացվել Հայաստանում հիմնադրել ընկերություն և զբաղվել հայկական ապրանքների արտահանմամբ։

Աղբյուր՝ shantnews.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ