Հայաստանն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին․ Սիմիդյան-Azat TV
Էկո
17:00 07/01/2022

Հայաստանն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին․ Սիմիդյան

Hakob Simidyan Հակոբ Սիմիդյան

Այսօր կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Կլիմայի փոփոխությունը միջազգային գործընթացներում դասվում է մարդկության հիմնական մարտահրավերների շարքում՝ մարդկային կյանքի, շրջակա միջավայրի, միգրացիայի և տնտեսական զարգացման վրա բացասական ազդեցության ահագնացող միտումների հետևանքով: Այն հատկապես վերաբերում է Հայաստանին, որպես դեպի ծով ելք չունեցող լեռնային երկրի:

Չնայած Հայաստանի չնչին մասնաբաժնին ջերմոցային գազերի մարդածին արտանետումների մեջ՝ 0,02 տոկոս, մեր երկիրն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին:

Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումը իրականացվում էր ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, որն ավելի քան երկու տարի չէր գործում՝ պայմանավորված Կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությամբ։ Անհրաժեշտ էր միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը ձևավորել Կառավարության նոր կառուցվածքին համապատասխան:

Այս ընթացքում շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2021 թ. հուլիսի 6-ի Վարչապետի 719-Ա որոշմամբ հաստատվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը, որով ավելի ընդլայնվել են խորհրդի իրավասությունները, նախատեսելով նաև մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք թույլ կտան ապահովելու համագործակցություն միջոլորտային հարցերի շուրջ:

Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար բարձրացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի քաղաքական ղեկավարման մակարդակը՝ խորհրդի նախագահի իրավասությունը շրջակա միջավայրի նախարարից վերապահվելով ՀՀ փոխվարչապետին՝ հորիզոնական կառավարում ապահովելու համար։

Միջգերատեսչական համակարգման նոր խորհրդի ձևավորման անհրաժեշտության մյուս պատճառը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին Փարիզյան համաձայնագրի վավերացումն է, որով առավել հստակեցվել և կարևորվել են Կոնվենցիայի Կողմ երկրների պարտավորությունների կատարման արդյունքները և ընթացակարգերը:

Համաճարակի բացասական հետևանքներից մեր երկրի վերականգնվելուն զուգահեռ անհրաժեշտ կլինեն զգալի ջանքեր «կանաչ վերականգնումը» խթանելու և ցածր ածխածնային զարգացման հետագա միտումն ապահովելու համար:

Կպահանջվեն փոխհամաձայնեցված մոտեցումներ տնտեսության բոլոր ճյուղերում:

Այս ամենը նախատեսում է զգալի օրենսդրական և կարգավորող շարունակական բարեփոխումներ, որոնք կնպաստեն նաև «ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի» 13-րդ նպատակի՝ (գործողություն հանուն կլիմայի) իրականացմանը:

Վստահ եմ, որ այս կազմով հնարավոր կլինի լուծել այն բոլոր խնդիրները, որոնք բխում եմ մեր երկրի ստանձնած պարտավորություններից Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո», – նշել է Սիմիդյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ