fbpx
Քաղաքականություն
06:00 26/02/2020

Հայաստանն ընդգծում է Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն ճանաչված մանդատի ձևաչափի շրջանակներում, և Հայաստանն ընդգծում է Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը: Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա է խաղաղ կարգավորման առանցքը: Հայաստանը նաև ընդգծում է ատելությունը և անհանդուրժողականությունը բացառելու և մարդկանց միջև շփումներ խթանելուն ուղղված լուրջ ջանքեր ներդնելու կարևորությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին։

Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում նշել է.

«Շատ ուրախ եմ վերստին հանդես գալ Մարդու իրավունքների խորհրդում՝ այս անգամ ներկայացնելով մի երկիր, որն այժմ հանդիսանում է այս հարգարժան մարմնի լիիրավ անդամ։

ՄԱԿ-ի 75-ամյակին ընդառաջ մենք խորապես հավատացած ենք, որ վերջինիս առաքելությունը պետք է վերընդգծվի և ամրապնդվի։ ՄԱԿ երեք հիմնասյուները կարևոր են և սատարում են միմյանց։ Մենք ընդգծում ենք մարդու իրավունքների կենտրոնական դերակատարությունը, որն ազատության և քաղաքացիական անսահմանափակ մասնակցության արժեքները հարգող յուրաքանչյուր հասարակությունում կարող է վեր հանել մարդկային տաղանդը և կարողությունը՝ ի շահ անհատի և ընդհանուր բարիքի։ Մենք նաև կիսում ենք գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մտահոգությունը, որ մարդու իրավունքները վտանգված են: Անդրադառնալով գլոբալ մակարդակով նրա կողմից հնչեցված սթափվելու կոչին՝ Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում գլխավոր քարտուղարի Գործողությունների կոչին և սահմանված յոթ նպատակային ոլորտներին»:

Մնացականյանը նշել է, որ Հայաստանի առաջընթացը պատշաճ կերպով արտացոլվել է մի շարք միջազգային վարկանիշներում և ցուցանիշներում:

«Ըստ «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի սահմանման ինդեքսի՝ 2019թ․ Հայաստանը բարելավել է իր վարկանիշը 28 կետով: Լրագրողներ առանց սահմանների «Համաշխարհային մամուլի ազատության» ինդեքսում Հայաստանը ընդամենը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 19 կետով: Անցյալ տարի Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց համացանցի ազատության ոլորտում և դասվել լավագույն ցուցանիշն ունեցող 10 ազատ երկրների շարքում:

Հայաստանի ՄԻԽ-ին միանալը համընկել է ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի երրորդ փուլի հետ, որը մենք ներկայացրինք այս հունվարին: Մենք երախտապարտ ենք և մեզ համար ոգևորիչ է Հայաստանի՝ բարեփոխումների իրականցմանն ուղղված ջանքերի լայն ճանաչումը, ինչն արտահայտվեց ՄԱԿ համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի ժամանակ հնչեցված բազմաթիվ ելույթներում: Ցանկանում եմ նաև ընդգծել մարդու իրավունքների հանդեպ ազգային մակարդակում պատասխանատվության ստանձնման կարևորությունը, քանի որ մենք առաջին հերթին պատասխանատու ենք մեր ժողովրդի առջև: Իհարկե, մենք ՄԱԿ համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացը հանիսանում է Մարդու իրավունքների խորհրդի «գոհարը» և ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները վերջինիս հետագա ամրապնդման համար»,- ասել է ԱԳ նախարարը և հավելել, որ Հայաստանի վերափոխումը հաստատապես հիմնված է կանանց և երիտասարդության ուժեղ ներգրավվածության և ակտիվ քաղաքական մասնակցության վրա.

«Սա նաև կարևոր մեկնակետ է մեր միջազգային համագործակցության համար: Ներկայումս Հայաստանը նախագահում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանները: Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել կանանց դերի բարձրացման հարցուշ միջազգային կոնսենսուսի ձեռքբերման ուղղությամբ:

Մարդու իրավունքների խորհուրդը եղել և մնում է ՄԱԿ-ի շրջանակներում կարևորագույն հարթակ՝ զանգվածային վայրագությունների ու ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային կարողությունների ամրապնդման համար, մի ոլորտ, որտեղ Հայաստանը երկար տարիներ հանդիսանում է առաջամարտիկ: Մենք մտադիր ենք Խորհրդի այս նիստի ներկայացնել «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի նոր նախագիծ: Մենք ակնկալում ենք անդամ պետությունների և այլ շահառուների հետ բաց, ներառական և կառուցողական խորհրդակցություններ: Համոզված ենք, որ այս Խորհուրդը, դրա հատուկ ընթացակարգերը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդատուի գրասենյակը պետք է շարունակեն մարդու իրավունքների, ցեղասպանության և զանգվածային վայրագությունների զանգվածային խախտումների կանխարգելումը խթանելու և ամրապնդելու գործում իրենց առաջնային դերակատարությունը»:

Մնացականյանն իր ելույթում անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին.

«Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին: Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների հետևողական խոչընդոտումը, Արցախի ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունը, խտրականությունը և բացահայտ ագրեսիան հանդիսանում են հակամարտության սկզբնապատճառը: Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում հայկական փոքրամասնության հանդեպ սանձազերծված ջարդերը, էթնիկ զտումները և բռնագաղթը, 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմն ու ագրեսիան, հային սպանելու համար դատապարտված մարդասպանների հերոսացումը վկայում են Ադրբեջանի հետևողական ագրեսիվ քաղաքականության մասին: Դրանք հանդիսանում են գոյապահպանական ֆիզիկական անվտանգության սպառնալիք Արցախի ժողովրդի համար: Այս սպառնալիքի մասին մեզ հիշեցվել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2016թ. ապրիլին վերսկսված ագրեսիայի փորձով:

Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն ճանաչված մանդատի ձևաչափի շրջանակներում և Հայաստանն ընդգծում է Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը: Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա է խաղաղ կարգավորման առանցքը: Հայաստանը նաև ընդգծում է ատելությունը և անհանդուրժողականությունը բացառելու և մարդկանց միջև շփումներ խթանելուն ուղղված լուրջ ջանքեր ներդնելու կարևորությունը: Հավասարապես, խստորեն բացառվում է ուժի սպառնալիքը: Հայաստանն ու Արցախը հանձնառու են աշխատելու 2019թ.-ին գրանցած համեստ արդյունքների վրա»:

ԱԳ նախարարը նշեց, որ հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար մարդու իրավունքների լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ միջազգային հանրության համար:

«Մարդու իրավունքները և այդ իրավունքները իրացնողները չեն կարող դիտարկվել որպես խնդիր: Նրանք են լուծումը: Ցանկանում եմ մեջբերել ՄԱԿ գլխավոր քարտուղարի երեկվա հզոր ուղերձը. «Մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր միջոց օգնում է նվազեցնել լարվածությունը, ապահովել կայուն զարգացում և պահպանել խաղաղություն»: Մարտի 31-ին Արցախի ժողովուրդը քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրացնելով իր՝ ժողովրդավարական ձևով կյանքը կազմակերպելու լեգիտիմ իրավունքը: Պատերազմի, պաշարման և ագրեսիայի միջով անցած, ինչպես նաև մինչ օրս պատերազմի սպառնալիքի առերեսվող Արցախի ու Արցախի ժողովրդի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության համար ձևավորելու ամուր ժողովրդավարական հասարակություն և կառույցներ արժանի է լիակատար միջազգային աջակցության։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է հարգվեն, պաշտպանվեն և խթանվեն՝ առանց որևէ տարբերակման, ներառյալ «ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի»,- նշեց Մնացականյանը և ընդգծեց, որ Հայաստանը վերահաստատում իր աներկբա հանձնառությունը և աջակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմին, որն հանդիսանում է միջազգային համագործակցության էական հարթակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ