fbpx
Տնտեսություն

Հայաստանում կիրականացվեն շենքերի էներգախնայողությանը միտված լայնածավալ միջոցառումներ

Ս.թ. մարտի 18-ին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և միջազգային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչները համատեղ այցի շրջանակներում ժամանել են Երևան քննարկելու հանրային և մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության ապահովմանն ուղղված քաղաքական առաջնահերթությունները և կայուն ներդրումային լուծումները:

Նույն օրը, Եվրոպական միության և միջազգային ֆինանսական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներն հանդիպել են ՀՀ կառավարության պետական նախարարների և ոլորտի փորձագետների հետ և քննարկել շենքերի էներգաարդյունավետության ուղղությամբ ներդրումների մակարդակը բարձրացնելու համար առկա ներուժը և անհրաժեշտ բարեփոխումների շրջանակը:

«Հայաստանում էներգիայի ընդհանուր սպառման մինչև 40 տոկոսը բաժին է հասնում շենքերին՝ զգալիորեն ներազդելով ընտանեկան բյուջեների և շրջակա միջավայրի վրա: Մենք՝ հիմնական ֆինանսական կառույցների հետ միասին այստեղ ենք, որպեսզի Հայաստանի նոր կառավարության հետ քննարկենք, թե որ ուղղությամբ համատեղել օժանդակությունը, որպեսզի զգալի կերպով բարելավվի շենքերի էներգետիկ արդյունավետությունը, ինչպես նաև մարդկանց կենսակերպի մակարդակը՝ վերջնական արդյունքում», նշել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցերով Եվրահանձնաժողովի պատասխանատու Լոուրենս Մերեդիթը՝ Եվրամիության անունից:

«Եվրամիության բանկը Եվրոպական հանձնաժողովի և գործընկեր ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, աջակցում է Հայաստանում իրականացվող ծրագրերին, նպաստելով քաղաքացիների առօրյա կյանքի բարելավմանը: Շենքերի էներգաարդյունավետության բարձրացումը կարևոր է մարդկանց բարեկեցության, էներգիայի և ծախսերի խնայողության, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի տեսանկյունից: Հայաստանում առկա է էներգաարդյունավետության բարձրացման զգալի ներուժ», մեկնաբանել է ԵՄ բանկի Արևելյան հարևանության բաժնի ղեկավար Լիոնել Ռապեյլը:

Ընդհանուր ակնարկ

Սույն համատեղ առաքելությունն ավելի լայն նախաձեռնութան մաս է, որը միտված է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության տարածաշրջանում շենքերի էներգաարդյունավետության քաղաքականության և ներդրումների աջակցության բարձրացման ուղղությամբ ԵՄ-ի և համագործակից միջազգային ֆինանսական կառույցների ջանքերի ավելացմանը: Նախաձեռնության նպատակն է հեռանալ էներգաարդյունավետության անհատական ծրագրերից դեպի համապարփակ մոտեցում, որն աջակցում է քաղաքականությանը միտված կոնկրետ գործողությունների իրականացմանը և կայուն ներդրումների բարձրացմանը: Հայաստանի կառավարության հետ առաքելությունը և երկխոսությունը ամփոփելուց հետո Եվրոպական հանձնաժողովը միջազգային ֆինանսական կառուցների հետ միասին կսահմանի հանրային և մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների առաջնահերթ ոլորտները: Մասնակից կառույցներն են՝ Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Համաշխարհային բանկը (ՀԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Գերմանական զարգացման բանկը (ԳԶԲ), Ֆրանսիական զարգացման գործակալությունը (ՖԶԳ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ