2019 թ. ապրիլի 24-28-ը Հայաստանը մասնակցել է Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին: Այն Միջին Արևելքի և Ասիայի ամենամեծ տոնավաճառներից է: Այստեղ են հավաքվում մեծ թվով հրատարակիչներ, գրողներ, ուսանողներ: Այն կարևոր հնարավորություն է մշակույթի նախարարության համար՝ ներկայացնելու «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, պարսկերեն և այլ օտար լեզուներով հրատարակված հայ գրականությունը, կապեր հաստատելու իրանական և օտարերկյա հրատարակչությունների և գրական գործակալների հետ: Ցուցահանդեսին մասնակցությունը կարևոր է նաև երկու երկրների մշակութային համագործակցության ամրապնդման համար:
Ապրիլի 25-ին Թեհրանի ցուցահանդեսի հատուկ միջոցառումների սրահում տեղի է ունեցել Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը պատմում է հայ հեղափոխականների մասին, որոնք պատրաստվում են իրականացնել նշանավոր «Բանկ օտոման» գործողությունը:
Ապրիլի 26-ին Թեհրանի «Ռամ» արտ սրճարանում տեղի ունեցավ Վահե Արմենի «Կռունկների թռիչքից հետո» հայերեն և պարսկերեն բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը: Հայերեն ժողովածուն 2018 թվականին մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակվել է «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրի «Հայազգի օտարագիր գրողներ» ուղղությամբ:
Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարի աշխատանքներին մեծապես աջակցել են Իրանում ՀՀ դեսպանությունը: Դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության և իրանական հրատարակչությունների համագործակցությամբ այս տարի Իրանում լույս կտեսնեն հայ ժամանակակից արձակի և պոեզիայի պարսկերեն երկու անթոլոգիաներ:
Հայաստանի պատվիրակության կազմում Թեհրան էին մեկնել ՀՀ մշակույթի նախարարության գրականության հարցերով փորձագետ Արմեն Սարգսյանը և Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի պետ Հասմիկ Խեչիկյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։
