fbpx
Առողջապահություն

Հայաստանը ներկայացրեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի տնօրենի պաշտոնի իր թեկնածուին

Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում հավատարմագրված եվրոպական տարածաշրջանային երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանին:

Հանդիպման ընթացքում ՀՀ թեկնածուի առաջադրմանը անդրադարձան ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մանրամասն ներկայացնելով առաջադրման հիմնավորումները և թեկնածուի մասնագիտական որակները:

Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի գործունեությանը միջազգային կազմակերպություններում և ՀՀ կողմից տարբեր մարմիններում և պաշտոններին թեկնածությունների առաջադրման պատմությանը և գալիք ծրագրերին: Փոխնախարար Ապիտոնյանը կարևորեց Հայաստանի համագործակցությունը մասնագիտացված կառույցների՝ մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

Իր խոսքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ առողջապահության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև՝ ԱՀԿ շրջանակներում համագործակցության օրակարգին: Նախարար Թորոսյանը ներկայացրեց ՀՀ թեկնածու Թաթուլ Հակոբյանի անցած մասնագիտական երկարատև ուղին:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանը ներկաներին ներկայացրեց իր տեսլականը և ծրագրերը ԱՀԿ եվրոպական գրասենյակի հետագա գործունեության և առաջարկվող փոփոխությունների ուղղությամբ: Նա պատասխանեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հետաքրքրող հարցերին:

Տեղեկանք․ Թաթուլ Հակոբյանը 2002-2010թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2011թ.-ից աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համակարգում, իսկ 2017թ.-ից հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը Սլովակիայում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ