fbpx
Հասարակություն

Արտաշատի պայմանագիր․ Հայաստանը զրկվում էր արտաքին նվաճումներից՝ պահելով բուն անկախությունը

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լուցիոս Լուկուլլոս և Տիգրան Մեծ:

Երբ Տիգրան Մեծը Հայկական պետության տարածքները հասցրեց գրեթե մինչև Եգիպտոս՝ այդ ընթացքում գրավելով Մերձավոր Արևելքում բազմաթիվ տարածքներ և անմիջականորեն հարևան դառնալով Հռոմին, պարզ էր դառնում, որ Հռոմի և Հայկական պետության բախումը ժամանակի հարց է:

Դա սկսվեց Մ.Թ.Ա 69թ. երբ դեպի Հայաստանեց արշավեց հռոմեացի կոնսուլ և այնուհետև զորավար Լուցիոս Լուկոլլոսը: Նույն թվականի աշնանը նա հեշտությամբ գրավեց Ծոփքը, Հայաստանի արևմտյան հատվածները և մոտեցավ մայրաքաղաք Տիգրանակերտին:

Տիգրան Մեծը, տեղեկանալով այդ մասին, արշավեց դեպի մայրաքաղաք: Նրանից առաջ դեպի մայրքաղաք էր արշավել զորավար Մեհրուժանի փոքր բայց էլիտար ջոկատը, որը պարտվեց հռոմեացիներին: Քաղաքի պաշարման ժամանակ հռոմեացիներին դիմագրավում էր հայ հայտնի զորավար Մանկայոսի կայազորը:

Ինչևիցե, երբ Տիգրանը հասավ մայրաքաղաք նա արդեն պաշարված տեսավ այն:

Մ.Թ.Ա 69թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ հայտնի Տիգրանակերտի ճակատամարտը: Դա հայ-հռոմեական առաջին լուրջ մեծաքանակ ճակատամարտն էր, որտեղ հայերը ծանր պարտություն կրեցին: Բացի դրանից՝ բացվեցին Տիգրանակերտի դարպասները, քանի որ ներսում օտարերկրյան վարձկանները կաշառվել էին հռոմեացիների կողմից, իսկ կապադովկիացիները ապստամբություն էին բարձրացրել Մանկայոսի կայազորի դեմ: Մայրաքաղաքը կողոպտվեց և ավերվեց:

Իհարկե հետո հայերը կարողացան Մ.Թ.Ա 68թ. սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում հաղթել հռոմեացիներին և ստիպել Լուկուլլոսին հեռանալ, սակայն տերությունը կորցրել էր իր երբեմն հզորությունը: Սկսվել էին ենթակա երկրների ժողովուրդների ապստամբություններ, բացի դրանից՝ արքունիքում իրավիճակը հանգիստ չէր:

Տիգրանի դեմ նրա որդիներն էին ապստամբում: Արդյունքում տարածաշրջան արշաված հռչակավոր Գնեոս Պոմպեոսից մեծ ջանքեր չխլվեց հայերին հաղթելու համատեքստում:

Մ.Թ.Ա 66թ. կնքվեց Արտաշատի հայտնի պայմանագիրը, որի համաձայն Հայաստանը զրկվում էր իր բոլոր արտաքին նվաճումներից, սակայն պահպանում էր իր բուն անկախությունը, ինչպես նաև համարվում հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2535965016452757

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ