fbpx
Քաղաքականություն

Հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանին Բաքվի մեկուսարանից տեղափոխել են ՌԴ

Ադրբեջանի իշխանությունները վերջապես համաձայնել են վերադարձնել հայկական ծագումով Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանին։ Այդ մասին հայտնել է նրա քույրը՝ Մարիանա Միրզոյանը։

«Ուռա՜։ Հաղթանա՜կ։ Մենք դա արեցինք

3 տարվա փորձություն եւ տառապանքներ՝ Մարատի համար, 3 տարվա պայքար բյուրոկրատիայի դեմ՝ ինձ համար, եւ ահա նա Ռուսաստանում է։ Շնորհակալություն բոլորին, ով հավատում էր եւ աջակցում ինձ եւ իմ եղբորը եւ օգնում, ինչով կարող էր։

Պրոֆեսիոնալ իրավաբանական աջակցության համար անկեղծորեն շնորհակալ եւ երախտապարտ եմ մեր փաստաբաններին՝ Մանդել Իոսիֆ Դոնովիչին, Ներսիսյան Կարեն Գեորգիեւիչին, Շամիրով Մանուկ Բախշոեւիչին, Մոսկալենկո Կարենե Հակոբովնային, Մարալյան Աննային։

Շնորհակալ եմ Ռուսաստանի հայերի միության նախագահ Աբրահամյան Արա Արշավիրովիչին եւ փոխնախագահ Մուկանյան Լեւոն Ալբերտովիչին։

Շնորհակալություն լրագրողներին բարձրաձայնելու համար։ Առանց ձեզ ինձ չէին լսի»,- Facebook-ի իր էջում գրել է Մարիանա Միրզոյանը։

Նա աջակցության համար նաեւ շնորհակալություն է հայտնել Մարատի ընկերներին, նրանց, ովքեր սոցցանցում առանց եղբորը ճանաչելու սատարել են իրենց, ոմն Ելենա Մակարենկոյի, որն իր հետ հավասարապես այս երեք տարիների ընթացքում բախել է բոլոր պետական դռները, իր ընտանիքին, հարազատներին։

«Առջեւում անարդարության եւ ստի դեմ պայքարի նոր փուլ է»,- ամփոփում է Միրզոյանը։

Ավստրիական Do&Co ընկերության աշխատակից Մարատ Ուելդանովը 2016թ․ հունիսի 6-ին գործուղվել էր Բաքու, որտեղից նա կապի դուրս չէր եկել։ Նա մեղադրվում է թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, պահպանման, փոխադրման, առաքման մեջ։ 2017թ․ ապրիլի 28-ին դատարանը Մարատ Ուելդանով-Գալստյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման։

Համարյա երեք տարի անց Ադրբեջանի իշխանությունները համաձայնել են վերադարձնել Մարատին Ռուսաստանին՝ պատիժն այնտեղ կրելու համար։

Նշենք, որ ներկայում Ադրբեջանը գտնվում է միջազգային հանրության ուժեղ ճնշման տակ՝ երկրում մեծ թվով քաղբանտարկյալների եւ լրագրողներին ու ընդդիմությանը հետապնդելու համար։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ