fbpx
Կառավարություն

14:00 10/7/2019

Հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական նորագույն մեքենասարքավորումների ներկրմամբ. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի ուղեկցությամբ այցելել է Մինսկի տրակտորների գործարան, ծանոթացել գործարանի արտադրական հնարավորություններին և տրակտորների հավաքման գործընթացին։

Ընկերության մարքեթինգային տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կազակևիչի հետ հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ բելառուսական տրակտորները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում և ինչպես գյուղատնտեսության մեջ, այնպես էլ լայնածավալ ճանապարհաշինական, շինարարական աշխատանքներում, մեքենասարքավորումների արդիականացման անհրաժեշտություն կա։ Այս համատեքստում հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական տրակտորների վերջին մոդելների ներկրմամբ։

Ալեքսանդր Կազակևվիչը նախարարին հայտնել է, որ բելառուսական տրակտորների մատակարարումը Հայաստան իրականացվում է 1992 թ. ի վեր։ Մինչ օրս ներկրվել է 1000 տրակտոր, որից միայն 104-ը՝ 2018 թ. իսկ 2019թ. նախատեսվում է մատակարարել 115 միավոր տրակտոր։ Կազակևիչի խոսքերով՝ բելառուսական ընկերությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ և դիտարկել մեքենասարքավորումների արտահանման ծավալները մեծացնելու հեռանկարը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում բելառուսական տրակտորների հավաքման արտադրություն ստեղծելու և դրանք Հայաստանի տարածքից Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու հնարավորությունը։
Այցի ընթացքում նախարարը և դեսպանը եղել են նաև Մինսկի տրակտորների գործարանի թանգարանում, ծանոթացել բելառուսական տրակտորների ստեղծման պատմությանը և մատակարարումների աշխարհագրությանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

Վերեվ