ՀՀ պաշտպանության նախարարության հետ ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի թիմի փոխգործակցության շրջանակում ապրիլի 23-ից 26-ը ճանաչողական այցով Էստոնիայում էր գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Տարտու քաղաքում տեղակայված Բալթյան պաշտպանական քոլեջում:
Հանդիպումների ընթացքում քոլեջի հրամանատար, գեներալ-մայոր Անդիս Դիլանսը հայկական կողմին ներկայացրել է ուսումնական հաստատության կառուցվածքը և կրթական գործընթացը, դասավանդվող ծրագրերն ու առարկաները, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործիքակազմը: Գեներալ-մայոր Գ. Տավարածյանն իր հերթին ներկայացրել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման նախապատմությունը, ընթացիկ գործունեությունը և զարգացման տեսլականը:
Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը շարունակական դարձնելու վերաբերյալ, ընդգրկելով ինչպես կրթության կազմակերպման, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ զինված ուժերի պաշտոնական կայքից։