fbpx
Քաղաքականություն
22:20 25/11/2019

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների նախապայման. ՀՀ վարչապետ

Հայաստանը պատրաստ է վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում՝ պատասխանելով Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին հարցին:

«Մենք ասել ենք, և ես կրկնում եմ, որ պատրաստ ենք վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մենք չենք համարում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների համար նախապայման: Այդ ճանաչումը շատ կարևոր գործընթաց է, որն անհրաժեշտ է ոչ թե իրենց հետ մեր հարաբերությունների համար, այլ, ինչպես ասացի, ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման համար»,-նշել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այն շատ կարևոր քայլ է: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն կօգնի կանխել հնարավոր հետագա ցեղասպանությունները:

«Ավելին, նման որոշումները փոխում են մթնոլորտը մեր տարածաշրջանում: Դրանք ուղերձներ են առ այն, որ նման ագրեսիվ քաղաքականությունը չի ընդունվելու միջազգային հանրության կողմից: Դժբախտաբար, ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան հայերի կողմից դեռևս ընկալվում է որպես մեր անվտանգության համար հնարավոր սպառնալիք: Մոտ 30 տարի է արդեն, ինչ մեր սահմանը փակ է՝ թուրքական կողմից, ոչ թե մեր կողմից: Հայկական կողմից այն բաց է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա իր երախտիքն է հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին ճանաչելու համար: Վարչապետն ընդգծել է, որ աշխատում են օտարերկրյա գործընկերների հետ նման ճանաչումներ հնարավորինս շատ ունենալու և համաշխարհային ճանաչման հասնելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ