fbpx
Կրթություն

Հայրենասիրությունն առաջին հերթին հայրենաճանաչություն է. Ժաննա Անդրեասյան

Կարևորելով երեխաների պատասխանատվության, ինքնակազմակերպման ու հայրենաճանաչության վաղ կազմակերպումը՝ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամը և «Լուսէ վերականգնողական կենտրոնն» իրականացրել են «Իմ կյանքը համայնքում» ուսումնակրթական փոխանակման ծրագիրը: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍՆ-ը։

««Երևան, իմ սեր» հիմնադրամում տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին հյուրընկալվել են մասնակից բոլոր երեխաներն ու ընտանիքները:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ տիրող անմիջական ու ջերմ մթնոլորտը, երեխաների սերտ շփումը և կապերի ամրապնդումը վկայում են ծրագրի հաջողված լինելու մասին:

«Հայրենասիրությունն առաջին հերթին հայրենաճանաչություն է, երբ գիտենք մեր բնակավայրերը, որոնք մեզ համար լոկ քարտեզի կետեր չեն և ուղղակի բառեր: Դրանք հարազատ միջավայր են, որտեղ մենք ընկերներ և պատմություն ունենք, որտեղ եղել են մեր կյանքի հիշարժան իրադարձությունները, և այս պարագայում դա իրոք դառնում է այն հայրենիքը, որը մեր սրտում է, և որը սիրելու համար մեզ հատուկ բառեր ու դասեր պետք չեն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սա է եղել ծրագրի հիմնական նպատակը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր աշակերտներին, ծնողներին և դպրոցներին՝ առաջին անգամ անցկացված ծրագրին մասնակցելու համար:

«Դուք դարձել եք առաջամարտիկը և ճանապարհ եք բացելու մյուսների համար. դա դժվար գործընթաց է, սակայն՝ պատվաբեր: Ուրախ եմ, որ ծրագիրը նաև ուսուցողական էր. նախագծային ուսուցումը, համայնքի հարցերին և դրա պատմամշակութային միջավայրին ծանոթությունն է իրական կրթությունը»,- նշել է նա՝ վստահեցնելով, որ այդ միջավայրը կբացի ճանաչողության նոր հնարավորություններ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև ծրագրի կազմակերպիչներին և կամավորներին՝ փաստելով, որ նախարարությունը կաջակցի դրա շարունակականության ապահովմանը. «Մեր բոլոր երեխաները պետք է հնարավորություն ունենան այցելելու իրենց հայրենիքի տարբեր անկյունները, ծանոթանալու իրենց տարեկիցների և ուսուցիչների հետ: Ինչքան ավելի կրթված և սոցիալականացված քաղաքացիներ ունենանք, այնքան մեր երկրի զարգացման հեռանկարները կընդլայնվեն»:

«Լուսէ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Գոհար Գալստյանը շեշտել է, որ աշակերտների համար Հայաստանը բացահայտելու, համայնքները ճանաչելու, այլ միջավայրում ապրելու, իրենց ինքնուրույն, պատասխանատու և կարևոր զգալու նպատակով է անցկացվել «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը, որի հիմքում հայրենաճանաչությունն էր: Նրա խոսքով՝ Երևանում և մարզերում բնակվող 50 երեխաներ ապրիլի 24-ից մայիսի 1-ն այցելել են այլ մարզի քաղաք կամ գյուղ, մեկ շաբաթ ապրել տվյալ համայնքի հյուրընկալ ընտանիքում, սովորել տեղի դպրոցում, հաղորդակցվել մշակույթին և ընտանեկան սովորույթներին։ Իրենց բացահայտումների, ձեռքբերումների և զգացողությունների վերաբերյալ երեխաները վարել են բլոգներ, իսկ նախագծային ուսուցման ընթացքում նաև սովորել են գտնել համայնքում առկա որևէ խնդիր՝ առաջարկելով լուծումներ:

ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանի հավաստմամբ՝ ծրագրի սկզբում շատերն ունեին որոշակի անհանգստություն, որն արագ հաղթահարեցին։

«Դա իրապես պահանջում էր խիզախություն և մեծ պատասխանատվություն, որի համար շնորհակալ եմ մասնակից բոլոր աշակերտներին, ծնողներին և տնօրեններին: Դուք ձեր մեջ հայտնաբերեցիք այն ուժը, որի մասին անգամ տեղյակ չէիք և ծրագրից դուրս եկաք առավել ուժեղացած ու հարստացած։ Դուք արդեն սիրում եք մեր հայրենիքի մեկ այլ կտոր, ամեն բառի մեջ տեսնում եք այն ընտանիքը, ում մոտ ապրել եք և այն դպրոցը, որտեղ հինգ օր անցկացրել եք»,- ասել է Արտաշես Թորոսյանը՝ վստահեցնելով, որ հաջորդ փուլերում ակտիվ մասնակցություն են ունենալու նաև մյուս դպրոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ