fbpx
Գիտություն
18:00 08/12/2019

Հայտնաբերվել է Վեներայի 23 հազար տարեկան արձանիկը

Հին քարե դարի կանացի կերպարանքով արձանիկ է (40-12 հազար տարի մ.թ.ա.) գտնվել Ամյեն քաղաքում (Ֆրանսիայի հյուսիս): Այդ մասին հայտնում է Հնագիտական նախնական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRAP)-ը պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ գիտնականների՝ խոսքը բացառիկ գտածոյի մասին է, քանի որ արձանիկը հիանալի վիճակում է։

«Չորս սանտիմետր բարձրությամբ արձանիկն առնչվում է հին քարե դարին։ Այն 23 հազար տարեկան է»,-  ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Վեներայի արձանի տարիքը փորձագետները որոշել են ռադիոածխածնային վերլուծության միջոցով։

Բացի այդ, արձանիկի կողքին գիտնականները գտել են մի քանի կավե կտորներ եւ գործիքների մնացորդներ։ Այդ գործիքների ճշգրիտ նշանակությունն առայժմ մնում է անհայտ, բայց, հնագետների կարծիքով, այդ վայրում կարող էր արհեստանոց լինել, որտեղ տեղի արհեստավորները պաշտամունքի իրեր են պատրաստել։

Լրացուցիչ հետազոտություններից հետո, արձանիկը կցուցադրվի Ամյենի Պիկարդիայի թանգարանում։

Եվրոպայի ողջ տարածքում գտնվել է շուրջ հարյուր նման արձանիկ՝  մեծ մասը ժամանակակից Կենտրոնական Եվրոպայի տարածքում։ Դրանցից 15-ը հայտնաբերվել է Ֆրանսիայում՝ գերազանցապես հարավարևմտյան մասում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ