Աշխարհ
10:53 20/12/2019

Հայտնի է Մոսկվայում կրակ բացած տղամարդու ինքնությունը

Հայտնի է Մոսկվայի կենտրոնում՝ ՌԴ ԱԱԾ (ФСБ) շենքի մոտ կրակ բացած տղամարդու ինքնությունը: Նա Մոսկվայի 39-ամյա բնակիչ է, նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Ինչպես հաղորդում է РЕН ТВ հեռուստաալիքը, հանցագործը Եվգենի Մանյուրովն է, որը բիզնեսով է զբաղվել Պոդոլսկում: Նրա գրասենյակը տրամադրել է խորհրդատվություն կոմերցիոն միջոցառումների կազմակերպման մասին, սակայն փակվել է 2015 թվականին:

Պարզվում է՝ Մանյուրովը շատ երիտասարդ հասակից հետաքրքրված է եղել հրաձգությամբ ու զբաղվել է դրանով, նա նույնիսկ մի քանի անգամ հաղթական տեղեր է զբաղեցրել հրաձգության տարատեսակ մրցաշարերում:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Մանյուրովը կրակ է բացել ՌԴ Ազգային անվտանգության ծառայության շենքի և մուտքի ուղղությամբ:

Կրակոցների հետևանքով կա մեկ զոհ և տուժածներ: Դեպքից րոպեներ անց իրավապահերին հաջողվել է ճշտել կրակահերթի հեղինակի ինքնությունը և վնասազերծել նրան: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով մահացածը ԱԱԾ աշխատակից է: Այս տեղեկությունը հաստատել է կառույցի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ