fbpx
Իրավական

Հայտնի է Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը

Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի գործով անցնող Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի գործով առաջին դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 12-ին: Այս մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին:

Նշենք, որ երբ գործը գտնվում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, մի քանի նիստ է տեղի ունեցել Քոչարյանի խափանման միջոցի հարցով: Գործը վարույթ ընդունելուց հետո այն դատաքննության նախապատրաստելիս դատարանը 15-օրյա ժամկետում պետք է անդրադառնա մեղադրյալների խափանման միջոցի հարցին, և նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, անփոփոխ թողնելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնի:

Կալանքի տակ գտնվող մեղադրյալի դեպքում դատարանը պետք է ապահովի վերջինիս լսված լինելու իրավունքը, և դա էր պատճառը, որ Քոչարյանն, ով Մարտի 1-ի գործով կալանքի տակ գտնվող միակ ամբաստանյալն է, մասնակցում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում քննված գործին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, Քոչարյանի խափանման միջոցի հարցով նիստ չի նշանակել, այլ միանգամից նիստ է նշանակել բուն գործով:

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Նրանց վերաբերյալ գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, վերջինիս լիազորությունները, սակայն, այս պահին կասեցվել են, ուստի գործը վերամակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Աղբյուրը՝ Hetq.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ