Ժամանց

Հայտնի Պառով Ստելար բենդը կներկայանա Երևանում

Նոյեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Հրազդան մարզադաշտում կկայանա հայտնի Պառով Ստելար բենդի համերգը: Հայաստանում նման մեծամասշտաբ նախագիծ անցկացվում է առաջին անգամ:

Համերգային երեկոյին կներկայացվեն խմբի նոր եւ հին ստեղծագործություններ, սիրված կատարումներ: Իրադարձությունն անցկացվում է Silk Note Festival-ի շրջանակում:

Պառով Ստելարը եւ Պառով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի՝ միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը:

Պառով Ստելարը միջազգային էլեկտրոնային երաժշտության ասպարեզում ցնցում առաջացրեց հենց առաջին՝ Kiss kiss մինի ալբոմի եւ 2004թ.-ի Rough Cuts ալբոմի թողարկումից հետո: Եզակի ձայնը, երաժշտության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը եւ երաժշտական ժանրերի ինքնատիպ համադրությունը շուտով նրան դարձրեցին բեմի ծագող աստղ: Պառով Ստելարն աշխատել է Թոնի Բենեթի եւ Լեդի Գագայի, Լանա Դել Ռեյի, Լուկաս Գրեհեմի, Մարվի Գեյի, Բրայան Ֆերիի, Klingande-ի եւ բազում այլ արտիստների հետ:

Պառով Ստելար բենդն աշխարհում հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով, նրանք հանդես են եկել այնպիսի փառատոնների շրջանակում, ինչպիսիք են Coachella-ն, Glastonbury-ն, Sziget-ը, Lollapalooza-ն, Pukkelpop-ը եւ այլն:

Խմբի 2019-2020թթ. շրջագայության ընթացքում լույս կտեսնեն նոր երգեր, կներկայացվի բեմի բոլորովին նոր դիզայն, լուսային եւ տեսաշոու, որը կլինի նախկինում եղածներից էլ ավելի լավը: Բացի այդ, առաջին անգամ խմբին կմիանա վոկալիստ Ելենա Կարաֆիզին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ