fbpx
Իրավական

Հենց իմացել են՝ ձերբակալվում են, ասել են՝ կբերենք 100 մլն դոլար կվերականգնենք. Փաշինյան

Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Ինձ հարցնում են, թե ինչու նախկինում թալանվածը ժամանակին և ամենաարագ տեմպերով չի վերադարձվում. պատճառներից մեկն այն է, որ մենք չենք ուզում, որ երկրում փախեփախի և խուճապի մթնոլորտ ստեղծվի, ու ով ինչ ունի-չունի խլում են»:

Վարչապետին նաև հարցրին, թե արդյոք գործարարների հանդեպ քրեական հետապնդումները, մասնավորապես, «Սպայկայի» նկատմամբ, չեն խրտնեցնում գործարարներին, որոնք մտադիր են ներդրումներ անել, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց.

««Սպայկա» ընկերությանը մեղսագրվում է, որ մոտ 7-8-9, որոշ հաշվարկներով ավելի շատ մլրդ դրամի հարկ չի վճարվել: Ես հիմա չեմ ուզում տվյալներ հրապարակել, բայց խարդախության մեծ համակարգ է գործել: Հիմա մենք այդ գործերը չպետք է հետաքննե՞նք: Այդ 9 մլրդ դրամը ժողովրդի հասանելիք փողն է: Էն որ ասում են կրթություն չկա, դպրոց ու մանկապարտեզ չկա, ճանապարհը քանդված է, զինվորականը նորմալ աշխատավարձ չի ստանում, թոշակը ցածր է, դա այն պատճառով է, որ մեկը 9 մլրդ, մյուսը 1 մլրդ չի վճարել»:

Նրա խոսքով, այսօր «Սպայկայի» տնօրենն ազատության մեջ է, որովհետև ինչ-որ մի գումար վերականգնել է, մեղքն ընդունել է:

«Մեզ սպառնում էին, թե մեր տնօրենին ձերբակալել եք, մենք էլ գյուղացիների մթերքը չենք արտահանի: Հիմա հարց, այդ ինչպե՞ս է պատահել, որ այդ շուկայի 90 տոկոսը մեկ ընկերության ձեռքում է: Պատահականությո՞ւն է: Հիմա եթե պարզվի, որ այդ ընկերությունը իր բնական տաղանդի միջոցով է շուկայում իր մենաշնորհային դիրքը գրավել ու պահպանել, թող պահպանի: Եթե ոչ, ի հայտ կգան նոր ընկերություններ և գյուղացիներն էլ ընտրության հնարավորություն կստանան, տնտեսությունն էլ կշահի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ որևէ մեկին բանտ նստեցնելու խնդիր չունեն. «Եղել են դեպքեր, երբ ասել ենք՝ պետությանը հասցրել եք 50 մլն դոլարի վնաս, եկեք վերականգնեք: Մարդիկ ասել են՝ չէ, ինչ եք ասում, մենք էդքան փող չունենք, մաքսիմում 500 հազար դոլար վերականգնենք: Հենց իմացել են, որ ձերբակալվում են, ասել են՝ կբերենք, 100 մլն դոլար կվերականգնենք: Ուշ է արդեն», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ