fbpx
Սպորտ

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Հենրիկը հաղթանակներ է գրանցում Գերմանիայում

Գերմանական Weser-Kurier Bremen պարբերականը վերջերս անդրադարձել է գերմանաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Հենրիկին (Օհանյան):


Երիտասարդ բռնցքամարտիկը հարզացրույցում խոսել է իր սպորտային հաջողություններից և առաջիկա պլաններից: Հիշեցնենք, որ Արթուրը պայմանագիր ունի SES BOXING-ի հետ, միևնույն ժամանակ ներկայացնում է Բրեմենի Արարատ բռնցաքամարտի ակումբը, որի հիմնադիրը նրա հայր Հենրիկ Օհանյանն է:

Հայր Օհանյանն էլ իր հերթին եղել է Գերմանիայի քառակի չեմպիոն և ներգրավված է եղել Գերմանիայի ազգային հավաքականի մեջ: Արթուրը հարզացրույցում պատմել է, որ առաջին ուսուցիչն ու իրեն ոգևորողը եղել է իր հայրը: Ինքն էլ իր հերթին ամեն ինչ արել է հորն ապացուցելու համար, որ կարող է արդյունքի հասնել և պրոֆեսիոնալ զբաղվել բռնցքամարտով, ինչն, ըստ երևույթի, իր մոտ ստացվել է:

Բրեմենցի Արթուրը խոստովանել է նաև, որ հաճախ տպավորություն է ստեղծվում, թե բռնցքամարտը ոչ մի կապ չունի մտավոր աշխատանքի հետ, այն պարզապես մարտ է, կռիվ կամ ծեծուջարդ, սակայն բռնցաքամարտիկը, ըստ նրա, ողջ մարտը կենտրոնացնում է սեփական գլխում, դրա համար կարևոր է մարտի պահին չկորցնել գլուխը, ինչպես, ցավոք, անում են շատ մարզիկներ:


«Մարտի 80 տոկոսը տեղի է ունենում ուղեղում, բռնցաքամարտիկը պայքարում է ոչ միայն հակառակորդի, այլ նաև սեփական վախերի, անվստահության դեմ: Բռնցքամարտն ինձ անգամ առօրյա կյանքում սովորեցրել է պայքարել՝ խուսանավելու, երկնչելու փոխարեն», – ասել է Արթուրը՝ խոսելով նաև դժվարություններից:

Որոշ ժամանակ առաջ նա բռնցքամարտով էր զբաղվում Շվերին քաղաքում և ուներ մեծ հնարավորություն ներառվելու Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի Գերմանիայի ազգային հավաքականի կազմի մեջ: Սակայն հոգնելով ամենօրյա միապաղաղ պարապմունքներից և ունենալով շատ ավելի այլ սպասումներ և պատկերացնումներ՝ Արթուրը որոշում է կայացնում դադար տալ, սկսում անգամ աշխատել որպես տանիքագործ, սակայն կարճ ժամանակ հետո հասկանում է, որ բռնցաքամարտն իր տարերքն է և որոշում է վերադառնալ պրոֆեսիոնալ սպորտ:

«Հայրս էլ հասկացավ, որ վերադառնում եմ ոչ թե իր համար, այլ հենց ինձ համար, որովհետև դա առաջին հերթին հենց ինձ էր պետք», – պատմել է հայազգի բռնցքամարտիկը:


Եվ իսկապես, ինչպես ցույց տվեց ժամանակը, Արթուրը վերադարձից հետո մի քանի մարտերում փայլուն հաղթանակ տարավ: Նա որպես պրոֆեսիոնալ բռնցաքամարտիկ վերջին հաղթանակը գրանցել է օգոստոսի 22-ին Ռանթանեի հետ մարտում: Մարտի տեսագրությանը այստեղ:

Խոսելով առաջիկա պլաններից՝ Արթուր Հենրիկը ասել է, որ իր նպատակը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է, իսկ մինչ այդ դեռ շատ անելիքներ կան:


Անուշ Լալայան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ