ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հեռավար աշխատանքային քննարկում է անցկացրել ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարարն ընդգծել է, որ խորհրդակցության նպատակը հեռավար կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն է, և այս հարցում նախարարությունն ակնկալում է ոլորտի ընկերությունների աջակցությունն ու համագործակցությունը:
Նախարարը նշել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված ուսումնական գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով: Հեռավար կրթության համակարգում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների և աշակերտների շուրջ 80 տոկոսը: Նախարարության նախաձեռնությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո գործարկել է հեռավար կրթության համալիր էջը` heravar.armedu.am, որտեղ համախմբված են կրթական մի շարք ռեսուրսներ:
Այս ընթացքում նախարարությունն արդյունավետ համագործակցել է նաև մասնավոր և պետական մի շարք ընկերությունների հետ: Մասնավորապես, Յուքոմ և Ռոստելեկոմ ընկերություները, Շանթ հեռուստաընկերությունը թողարկել են կրթական ալիքներ, որոնք հեռարձակում են ԿԳՄՍՆ-ի առաջարկած և ուսուցիչների ու ԿՏԱԿ-ի համատեղ ջանքերով ստեղծված կրթական բովանդակությունը` տեսադասերը, թվայնացված նյութերը: Իսկ Beeline-ը ընկերությունը թողարկել է BeeTV բջջային հավելվածը, որը հեշտացնում է աշակերտների հեռահար ուսուցման գործընթացը: Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր հեռարձակվում բաց դասեր, դասացուցակը նախապես հրապարակվում է նախարարության ՖԲ պաշտոնական էջում. «Սկսել է աշխատել ազգ-կրթություն համակարգը, երբ ամբողջ օրվա ընթացքում ողջ ընտանիքով`միասնական ու համախմբված բոլորս դասերով ենք զբաղված»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հեռավար կրթության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է և’ ուսուցիչների, և’ աշակերտների, և ծնողների շրջանում: Սակայն, հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հետ կապված կան որոշ տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, առանձին դեպքերում աշակերտներն ունեն ինտերնետ կապի և անհրաժեշտ սարքավորումների խնդիրներ:
Ըստ հանրապետության մարզերից ստացված տվյալների` հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով նախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով: Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960 / կգործի հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ և այլ սարքավորումներ, եթե դրանք կբավարարեն ԿՏԱԿ-ի սահմանած նվազագույն տեխնիկական չափանիշներին:
Դրանք են` Պրոցեսոր` (CPU): Intel DualCore processor,
Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB DDR3
Կոշտ սկավառակ (HDD): 500GB
Գրաֆիկական քարդ (Video adapter) ։ Ներկառուցված (Integrated) HD Graphics
Էկրան(Display) : 18.5 դյում (Սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (Դյուրակիր համակարգչի դեպքում)
Ցանցային դիմերես(Networking) : Gigabit (10/100/1000) LAN, WLAN: 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse):
Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ` Android կամ IOS:
Պրոցեսոր` (CPU): Երկու կամ չորս միջուկային (Dual-Core , Quad-Core),
Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB, Էկրանի չափսը >= 8 դյում , 3G, Wifi:
ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է սարքավորումների համար նախանշված հիմնական նվազագույն պահանջներ և նշել, որ արքավորումները կհավաքվեն, ըստ անհրաժեշտության կնորոգվեն և կտրամադրվեն դպրոցականներին և ուսուցիչներին:
Նախարարը կարևոր է համարել նաև հեռախոսային հավելվածների ստեղծումը, որոնք թույլ կտան աշխատել կապի թույլ թրաֆիկով և կապահովեն հեռավար կրթության ավելի մեծ հասանելիություն:
Հեռավար քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հեռավար կրթության ապահովումը կրթության առանձնահատուկ կարիքով երեխաների համար, որը համընդհանուր ներառական կրթության պահանջ է: Նախարարի տեղակալի խոսքով` խրախուսելի է հատկապես ներառականություն ապահովող բջջային հավելվածների թողարկումը:
Քննարկմանը մասնակից ընկերություները պատրաստակամություն են հայտնել համագործակցել և աջակցել հեռավար կրթության համակարգի կայացման ԿԳՄՍՆ նախաձեռնությանը:
Ամփոփելով խորհրդակցությունը` նախարար Արայիկ Հարությունյանը նշել, որ հեռավար կրթության համընդհանուր փորձարկումը կատարված է, և սա այլևս փաստ է: Հեռավար կրթության համակարգի ներդրման առաջին արդյունքները հուսադրող են և դրական:
Գրում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը։