fbpx
Իրավական

13:30 12/6/2019

Հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը Մոսկվայում դեռ հիվանդանոցում է. պաշտպան

«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը Մոսկվայում դեռ հետազոտվում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին վերաքննիչ քրեական դատարանում ի պատասխան դատավոր Տիգրան Սահակյանի հարցի, ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ Մոսկվայի կլինիկական հիվանդանոցի կողմից տրված ախտորոշման համաձայն, Վահագն Հարությունյանը պետք է սրտի ամբողջական հետազոտության ենթարկվի, որ ի վերջո որոշվի նրան ստենտավորման ենթարկելու հարցը։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեկան դատարանում ընթանում էր Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։ Դատարանի որոշմամբ այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 25–ին։

Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ մարտի 11-ի որոշումը, որով նա օրինական էր համարել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը։ Պաշտպանը միջնորդեց կայացնել նոր դատական ակտ, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել իր կողմից կայացված հետախուզում հայտարարելու որոշումը։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել 2018թ. հոկտեմբերի 30–ին։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 3–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը որոշում է կայացրել մերժել «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի՝ նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Մինչ այդ առաջին ատյանի դատարանը երկու անգամ որոշում էր կայացրել կալանավորել Հարությունյանին, որը սակայն Վերաքննիչ ատյանը բեկանել էր։

Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Վահագն Հարությունյանը նախորդ տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Վերեվ