Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական պայմանների ահռելի փոփոխություններ եւ շատ քաղաքական ուժեր չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում իրենց հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, բոլորի, այդ թվում քաղաքական ուժերի համար եղել է անսպասելի։
«Հեղափոխությունը տեղի է ունեցել մի պայմաններում, երբ Հայաստանի քաղաքական ուժերի 99 տոկոսը առաջիկա 10 տարվա համար իր անելիքները պլանավորած է եղել, տեղ-տեղ պայմանավորված, գծագրված է եղել, տեղ-տեղ բաժանված է եղել: Այս իրավիճակում քաղաքական ուժերը մինչեւ էսօր էլ այդ շոկը չեն հաղթահարել:
Հանրային խորհուրդը կարող է լինել հարթակ, որտեղ տեղի ունենա ընթացիկ իրավիճակի վերլուծությունը, քաղաքական դաշտի խնդիրները, եւ նաեւ կառավարություն-արտախորհրդարանական ուժերի հանդիպման պլատֆորմ: Կդառնա, թե չի դառնա, մեծապես կախված է լինելու Հանրային խորհրդի աշխատանքից»,-ասաց Փաշինյանը: