fbpx
Քաղաքականություն

Հեղափոխությունը ունի իր օրենքները, և այն ռիսկեր է պարունակում․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում մի քանի գրառումներ է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորև․

«2018 թվականի մարտի 30-ին, երբ տևական դադարից հետո, Նիկոլի հետ հանդիպում եղավ ու նա հայտնեց Գյումրիից իր քայլարշավ սկսելու մտադրության մասին, մենք արդեն ընկերներով մշակած ունեինք Հայաստանում հեղփոխության հասնելու կոնցեպտը։ Մի օր գուցե դրա մասին առանձին կգրեմ, բայց ասելիքս հիմա դրա մասին չի։

Պարզապես, որպեսզի հարցեր չլինեն, թե բա որ հեղափոխություն անող էիք՝ ինչի՞ չէիք անում, երկու պատճառ ներկայացնեմ։

Առաջին և ամենակարևոր հարցը այն էր, թե ռեժիմը հեռացնելուց հետո ո՞ր քաղաքական թիմերն են գալու իշխանության և ինչ արժեքներով, ինչ ծրագրերով։ Մեր պատկերացրած հեղափոխությունից հետո նախկին՝ պետությունը զավթած ուժերը, գոնե առժամանակ ընտրություններին պիտի չմասնակցեին, իսկ քանի որ Հայաստանում հետևողականորեն վերացրել էին քաղաքական բոլոր այլընտրանքները, այլ քաղաքական ուժեր չկային, գոնե իմ պատկերացմամբ, բացի ՔՊ-ն։

Բայց դեռևս 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ երբ ՔՊ-ին առաջարկում էինք չգնալ ընտրություններին, մերժել այն և փողոցով վերցնել իշխանությունը, առնվազն Նիկոլն էլ, Արարատն էլ ասացին, որ որպես քաղաքական ուժ իրենք չեն կարող չմասնակցել քաղաքական պրոցեսին՝ «ընտրություններին»։ Ըստ այդմ նրանց հետ հեղափոխության գնալու հույսեր կապել այլևս չէինք կարող։

Երկրոդ պատճառը կոնցեպտի առանցքային բաղադրիչներից մեկի «Իրավական վեճի» պարտադիր առկայությունն էր, որը դեռ չկար։

Ապրիլի 30-ին ստացվեց այնպես, որ ՔՊ-ն ինքը մտադրություն հայտնեց սկսել փողոցով իշխանությունը վերցնելու պրոցես։ Եվ կար միաժամանակ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում չվերընտրվելու խոստման դրժումը հանդիսացավ այն իրավական վեճը, որը հեղափոխությայն գործընթացը սկսելու հիանալի նախապայման էր։

Մնում էր Նիկոլի հետ համաձայնեցնել նախքան արտահերթ ընտրությունները օլիգարխիկ համակարգը ապամոնտաժելու և նոր քաղաքական միջավայր ստեղծելուց հետո ընտրությունների գնալու պայմանները։

Մեր համեստ կարծիքով դրա համար անհրաժեշտ էր մի քանի պայման.

1) ժամանակավոր կառավարությունը ձևավորած ուժը պիտի չմասնակցեր ընտրություններին, որպեսզի մասնակցող ուժերի համար լինեին հավասար պայմաններ։

2) Ժամանակավոր կառավարությունը պիտի փոխեր ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը, սահմանափակեր օլիգարխիկ և իշխանությունը զավթած ու դրան մասնակից դարձած հանցավոր խմբավորումների մասնակցությունը ընտրություններին

3) ժամանակվոր կառավարությունը պիտի լուծեր դատական համակարգի խնդիրը անցումային արդարդատության միջոցով

4) Պիտի մշակեր և ներդներ կապիտալի և քաղաքականության տարանջատման մեխանիզմներ

Վերը թվարկած բոլոր կյետերի շուրջ եկանք համաձայնության բացի առաջինից։ Նիկոլը պնդեց, որ ժամանակավոր կառավարություն ձևավորող ուժը չի կարող չմասնակցել ընտրություններին, որովհետև տեղից էլ մարդկային ռեսուրսների մեծ բաց կա։ Համաձայնեցինք։

Ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ ժամանակավոր կառավարությունը վերը նշված ոչ մի կետ չկատարեց (տարբեր պատճառներով և պատճառաբանություններվ)։ Հարց է առաջանում, իսկ մենք պատրա՞ստ էինք դրան։ Պատրա՞ստ էինք իրադարձությունների նման զարգացմանը։ Այո, պատրաստ էինք։ Սուրենի (Սահակյան) հետ շատ ենք մտածել ու քննարկել էս հարցը՝ «Իսկ եթե չանեն։ Եթե Նիկոլը գա իշխանության և կետերից ոչ մեկը չկատարի»։ Արժի՞ արդյոք գիտակցելով դա գնալ հեղափոխության։

Որոշեցինք, որ արժի։ Ինչքան էլ, որ նա (Նիկոլը) չգիտակցերլով դրանց կարևորությունը, կամ միտումնավոր հրաժարվեր կետերը կատարելուց, այնուամենայնիվ կար մի քանի գործոն, որոնց համար արժեր անել հեղափոխությունը։ Վատագույն սցենարը, որ կարող էր լինել, այն էր որ կամ Նիկոլը համակարգը «կքաշի իր տակ»՝ կլինի իշխանափոխություն, կամ, որ ավելի վատ է՝ կստեղծի առավել տոտալիտար համակարգ։

Ըստ մեր եզրահանգումների՝ առաջինի դեպքում Նիկոլը համակարգի մեջ օտար էր լինելու և ինչքան էլ որ ձգտեր «իրենով անել» Սերժի համակարգը, չեր լինելու այնպիսին ինչպիսին Սարժի դեպքում էր՝ կառուցած համեմատավբար կուռ ու անձերի վրա հիմնված՝ դերաբախշած։ Եվ հետևաբար այն լինելու էր ոչ գործունակ։

Երկրորդի դեպքում. եթե պարզվեր, որ նա առավել տոտալիտար է քան նախկինը, ապա նույն այն գործիքներով, որով պիտի տապալվեր Սերժի իշխանությունը, կտապալվի նաև Նիկոլինը, իսկ դրա համար ժողովրդին անհրաժեշտ է տալ խաղաղ անհնազանդության գործիքակազմը և ցույց տալ դրա հնարավորությունները։ Ինչը հենց Նիկոլի հետ էլ պիտի արվեր։

Մյուս բոլոր դեպքերում անկախ տեմպից և զարգացումներից հեղափոխություն առավել քան անհրաժեշտ էր։ Ու որոշեցինք գնալ դրան։

Հիմա հետահայաց, որ նայում եմ, մի կողմից ուրախ եմ, որ զարգացումները չգնացին հնարավոր վատագույն տարբերակով։ Մյուս կողմից իհարկե չգնացին նաև լավագույն տարբերակով։ Ինչը, ինչ պոսք, տխրեցնում է։

Ըստ այդմ, գոնե ինձ համար հարց է ծագում, վերջին հաշվով տեղի ունեցածը հեղափոխությու՞ն էր, թե՞ իշխանափոխություն։

Իրականում (հաշվի առեք՝ ինչ գրում եմ՝ իմ համեստ կարծիքն է), կարևոր չի, թե ինչ բնութագիր կտանք եղածին՝ իշխանափոխությու՞ն, թե՞ հեղափոխություն։ Հարցը հենց այն է, որ մենք խնդրի բովանդակությունը թողած ընկնում ենք ձևի հետևից։ Ըստ իս, կատարվածը հեղափոխություն էր այնքանով, որքանով որ հեղափոխություն էր, և իշխանափոխություն էր այնքանով, որքանով որ իշխանափոխություն էր (մեջբերումը Գ. Սահակյանից)։ Նրանից, թե ինչ էր, ոչինչ, ըստ էության, չի փոխվում մեր կյանքում։

Ինձ համար հստակ է երկու բան՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում (իրականում դա արդեն գլխանց սխալ է), երկրորդ. միշտ ամեն ինչ կարելի է անել ավելի լավ, քան կարելի էր անել ու պետք է ձգտել դրան։
Հիմա, ունենք այն ինչ ունենք, ոչ ոք իր ավեի լավը մեզ չի տալու։ Բայց որպեսզի հասկանանք, թե ուր և ինչու հատկապես այդ ուղղությամբ պիտի գնանք, նորից հետ եմ գնալու հեղափոխությանը։

2018 թվականի ապրիլի 9-ին կամ 10-ին (օրը կարելի է ճշտել, բայց երկրորդական է), Նիկոլի հետ հերթական հանդիպումից հետո, առնվազն, իմ ու Սուրենի համար ակնհայտ էր, որ հեղափոխությունից հետո, անհրաժեշտ է ստեղծել քաղաքական նոր թիմ, այն է՝ կուսակցություն, հենված հստակ քաղաքական գաղափարախոսության վրա և արժեքների վրա։

Հիմա կհարցնեք՝ ինչու՞…կարող էիք, չէ՞, մենք էլ քայլել, կամ հեղափոխությունից հետո ընդունել աշխատանքի առաջարկությունը և «հայրենիքին անձնվիրաբար ծառայելու մեր առաքելությունը իրականցնել»։

Պատճառերը մի քանիսն էին։

Նախ քաղաքական մշակույթ փոխելու համար անհրաժեշտ է հստակ գաղափարախոսությամբ, արժեքաբանական հիմքով քաղաքական ուժ, իսկ ՔՊ-ն այն ուժն էր, որը թե նախքան հեղափոխությունը, թե հեղափոխությունից հետո մերժում էր քաղաքական գաղափարախությունը։ Խնդիրը դրա լավ ու վատ լինելը չի, այլ այն գիտակցումը, որ նման դիրքավորումը թույլ չէր տալու (ու թույլ չի տալիս) մեր իրականության մեջ աղավաղված քաղաքական դաշտում մշակույթ փոխել։ Իսկ մենք համոզված էինք և ենք, որ առանց քաղաքական մշակույթ փոխելու քաղաքական դաշտում կատարված բոլոր փոփոխությունները լինելու են ժամանակավոր։ Նույնիսկ խորքային համակարգային փոփխությունները ժամանակի ընթացքում հետ նահանջ են ունենալու, եթե չկա քաղաքական մշակույթի փոփոխություն։ Ոչ թե կեղծ գաղափարախոսությունների կեղծ առճակատում, այլ իրական գաղափարների շուրջ համախմբում և դրանց բախում։

Ըստ էության . կուսակցությունները պիտի լինեն բացառապես արժեքաբանական և գաղափարական հենքի վրա։ Չպիտի լինեն կուսակցություններ, որոնք, ոչ թե արժեքների վրա են հիմնված, այլ այլ լավ մարդկանց լավ մարդ լինելու, կամ փողի, կամ նեղմիտ անհատների անձնական շահի և այլն։ ՔՊ-ն լավ մարդկանց միավորում էր, որը մեր կողմից մերժելի էր նոր իրականության մեջ։ Մերժելի էր, ոչ թե իր բնույթի, էության սխալ, կամ ճիշտ լինելու բերումով, այլ հենց արժեքային դաշտում նման միավորումը ընդունելի չէր ի սկզբանե։ Գուցե ծայրահեղ իդելիստական մոտեցում է, բայց մեկը սա էր։

Երկրորդ.
Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ազնվագույն մարդ լինելով, իր միանձնյա որոշումներ կայացնելու խառնվածքով պատրաստ չէր ընդունելու էն արժեքները՝ սոցիալ դեմոկրատական, որոնց կրողն էինք մենք։ Զոմբիներին խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ես գնահատական չեմ տալիս Նիկոլի խառնվածքին, այլ զուտ փաստում եմ այն, ինչ ըստ իս կա։ Ժողովրդավարության ձգտող մարդը առաջին հերթին ինքն է ժողովրդավար լինում։ Չես կարող հասնել ժողովրդավարության միանձնյա որոշումներ կայացնելու ճանապարհով։ Իսկ Նիկոլը իր խառնվացքով շատ հեռու է ժողովրդավարությունից։

Երրորդ.
Նիկոլը ունի իր անցած քաղաքական ուղին, որը հարգանքի արժանի է, բայց այն քաղաքականությունը, որի մեջ եղել է ինքը և որի մեջ կայացել է նա որպես քաղաքական գործիչ, կտրուկ տարբերվում էր քաղաքականության և քաղաքական գորչի մասին մեր պատկերացումներից։ Խոսքը հռետարական արվեստի ու հանրային ելույթների մասին չի։ Նիկոլի քաղաքական գործունեության ամբողջ առանցքը եղել է Քոչարյանի, ապա և Սերժի ռեժիմը տապալելը։ Նրանց հեռացնելը։ Որքան էլ, որ ազնիվ ու անկեղծ լինի այդ մոտեցումը, այն իր հետևում չունի այն ծրագրերն ու արժեքային հիմքը, որի վրա, կամ որի շուրջ պիտի կառուցվեր հեղափոխված Հայաստանը՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում մենք, բացի նրանից, որ առանց Սերժի։

Էլի պատճառներ կային, բայց թերևս սրանք այն գլխավորներն էին, որոնց պատճառով մենք նախքան հեղափոխությունը Ապրիլի 9-ին կամ 10-ին որոշեցինք հեղափոխությունից հետո չմիանալ հեղափոխական թիմին։ Այլ գնալ մեր ճանապարհով։ Ինչը և արեցինք, ու վստահ եմ, որ ճիշտ ենք վարվել։

Արրդարացա՞ն արդյոք իմ սպասելիքները հեղափոխությունից՝ մասամբ։ Ամեն ինչ կարող էր լինել ավելի լավ, բայց և չէր բացառվում վատագույնը։ Ուստի ես այն համարում եմ մեր բոլորի մեծագույն ձեռքբերումը։ Արժե՞ր արդյոք անել հեղափոխություն՝ միանշանակ։ Էսօրվա փորձը լիներ՝ շատ բաներ գուցե այլ կերպ կանեի, բայց հաշվի առնելով այն ամենը, ինչ կար, ինչ ունեինք, եթե հարց լինի՝ նույն պայմաններով, նույն իրավիճակում կգնա՞մ նույն քայլին, միանշանակ՝ ԱՅՈ։

Էդ դեպքում, մի այլ հարց է ծագում՝ եթե ամեն ինչ լավ է, էլ էսքան գրելու իմաստը ո՞րն էր։ Ասեմ…

Ես վստահ եմ, որ էսքանը գրելուց հետո, էլի մարդիկ են լինելու, որ հարցնելու են՝ եթե էդքան սրտացավ եք, ինչու՞ չեք ամեն ինչ դնում մի կողմ, միանում Նիկոլի հետ և երկիրը շենացնում։ Էդ մարդկանց համար ուզում եմ բերել Վանեցյանի և Սանասարյանի օրինակը։ Վանեցյանը Համակարգի սպասարկուն էր։ Դավիթը նախկին համակարգից դուրս գտնվող լայն լիազորություններով օժտված մի մարմնի պատասխանատու, որը ցանկացած պահի կարող էր բացահայտել համակարգի մեջ տեղավորված հակահեղփոխականներին։

Ես չեմ ասում, թե Դավիթը լավ կամ վատ աշխատող էր, բայց նա համակարգի համար օտար էր։ Դեռ մինչև Դավիթի նկատմամբ քրեական գործ հարուցելը՝ բոլորս գոռում էինք, որ Վանեցյանը նախկին համակարգի սպասարկուն է։ Բազմաթիվ տվյալներ էին գալիս, որոնք հիմնավորում էին մեր առանց այն էլ հիմնավոր կասկածները։ Երբ Դավիթի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, արդեն ամեն ինչ առավել քան ակնհայտ էր, որ վանեցյանենք համակարգի մեջ վերադասավորումներ են անում։ Ո՞վ լսեց… ոչ ոք։ Մինչև գործը չհասավ պետական հեղաշրջմանը, Վանեցյանը մնաց իր պոստին։ Նույնը Օսիպյանը։

Նրաց հրաժարականից հետո, ո՞վքեր եկան իրենց փոխարեն… տեղակալները։ Կա՞ մեկը, որը կարծում է, որ վանեցյանը իրեն տեղակալ կբերեր իրեն ոչ հավատարիմ մարդու։ Հաստատ նման միամիտներ չկան։ Ինչու՞ է հապա Վանեցյնի տեղակալը շարունակում զբաղեցնել Վանցեյանի աթոռը։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ խուափում է համակարգային խորը փոփոխությունների գնալուց։ Ինչ անեմ ես կամ իմ նման մարդիկ էս համակարգի մեջ։ Ոչինչ, կամ դու գնում ես ու Մհեր Գրիգորյանի նման «խախանդ» լռվում ես քեզ համար, ձեռքի հետ բանկերն ես լոբինգ անում, կամ դու դառնում ես ռիսկային համակարգի համար ու Սանասարյանի նման քրեական գործի շրջանակներում չեզոքացվում ես։ Սա է իրականությունը, եթե հանում ենք վարդագույն ակնոցները։

Հեղափոխությունից 1.5 տարի հետո, Նիկոլը կանգնում ասում է, որ համակարգը դիմադրում է, էն դեպքում, որ մեկուկես տարի է գոռում ենք, որ նման մոտեցմամբ համակարգ հնարավոր չի փոխել, իսկ առանց համակարգ փոխելու հնարավոր չի սայլը տեղից շարժել։

Մեկուկես տարի է խոսում ենք նախկին ռեժիմին իրավաքաղաքական գնահատական տալու մասին։ Մեկուկես տարի է խոսում ենք անցումային արդարադատության մասին, մեկուկես տարի է խոսում ենք վեթինգի ու դատական համակարգի բարեփոխումների մասին, խոսում ենք էն մասին, որ Գագիկ Ծառուկյանը իր հարցազրույցներում խոստովանում է, որ օլիգարխ է, մեզ համոզում են, թե՝ ոչ ընկերներ, նա պարզապես խոշոր սեփականատեր է։ Խոսում ենք այն մասին, որ Հայաստանի նման կոռուպցիոն ավանդույթներ ունեցող երկրում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ու ընդհանրապես հակակոռուպցիոն մարմինը) պիտի լինի անկախ: Բայց ինչպես գիտենք, այն ձևավորվեց կոռուպցիոն առումով ամենառիսսկային խմբերի կողմից։

Պարզ է չէ՞, որ եթե առաջարկում ես քայլեր, որոնք ըստ քեզ կարող են երկիրը առավել լավ ուղով զարգացնել, քան թե առանց դրանց, ու էդ քայլերից տասից տասը կամ անտեսվում, կամ առհամարհվում է, ապա հույսեր կապել, որ մի բարի օր հնարավոր է էդ մարդիկ տրամաբանորեն հարյու ութուն աստիճան փոխեն իրենց մտածելակերպը՝ ձգտում է զրոյի։

Սա է իրականությունը և սրա հետ պետք է հաշվի նստել։ էս կառավարությունը հրշեջների կառավարություն է։ Որտեղ մի կրակ կա՝ ամբողջ թիմը էդտեղ կրակ է հանգցնում։ Սա է եղել և կա էսօրվա կառավարող քաղաքական ուժի միակ գործառույթը, ստեղծել հրդեհի օջախներ և շիջել դրանք։ Իսկ էդ ընթացքում, հեղափոխականների հետ մերված նախկինները օրենսդրական նախագծերով ու կառավարության որոշումներով ամեն ինչ անում են, որ մի կողմից հրդեհների օջախները չմարեն, մյուս կողմից էլ ավելի ու ավելի են ադապտացնում գոյություն ունեցող իրականությունը իրենց երբեմնի արժեքներին։

«Վերջը» լավ է լինելու

Անկախ նրանից, թե ինչ սահմանում կտանք 2018 թվականի իրադարձություններին ու դրան հաջորդած իրողությանը՝ «հեղափոխություն» կամ «իշխանափոխություն», դրանից գոյություն ունեցող օբեկտիվ իրականությունը չի փոխվում։

Գոնե ինձ համար կան երկու խումբ փաստեր .
Դրական փոփոխություններ, որոնք չէին լինի առանց 2018-ի ապրիլի, և փոփոխությունների բացակայուն (չփոփոխություններ), որոնք ակնկալվում էին, որ կլինեին 2018-ի ապրիլից հետո, բայց չեղան։

ցանկի կարևորները

-օլիգարխիան, որի վրա հիմնված էր համակարգը, չունի նախկին լծակները, (չնայած՝ Գագիկ Ծառուկյանը իր շքախմբով շարունակում է մնալ ԱԺ-ում)
-քաղաքական դաշտը անհամեմատ ազատականցված է, (ընդյուպ մինչև այն, որ ՀՀԿ ՓԲԸ-ն քաղաքական ուժ է համարվում)
-չկան քաղբանտարկյալներ (բայց, ցավոք, կան քաղաքական «մահեր»)
-չկա համակարգային կոռուպցիա (բայց տեղը տեղին գործում են նախկին կոռուպցիոն համակարգեր)
-կա բարի ցանկություն Հայաստանը հանել ներկա սոցիալտնտեսական ծանր վիճակից (բայց չկա դրան հասնելու ճանապարհային քարտեզը, նույնիսկ հանրությանը հասանելի հայեցակարգ չկա)

Երկար չթվեմ, թերևս ավելի քան պարզ է։

Ոչ երկրորդական հարց է այն, թե «բա, ո՞նց եղավ, որ սենց եղավ»։ Որո՞նք էին այն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրին ներկա վիճակին։

-ՔՊ-ն չուներ այն ներուժը, որպեսզի իշխանությունը վերցնելուց հետո կարողանար փակել կառավարման «դաշտը» (Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չուներ ու հիմա էլ չունի, եթե պատեհապաշտներին հանես)

-ՔՊ-ն չուներ հայեցակարգ, որով երկրում պիտի կատարվեին տնտեսական, սոցիալական, իրավական ռեֆորմներ, համակարգային փոփոխություններ

-ՔՊ-ն չուներ գաղափարաարժեքաբանական հստակ գիծ, որի հենքի վրա հնարավոր կլիներ գոնե մոբիլիզացնել նախկին համակարգից դուս եղած քաղաքացիական դաշտում գտնվող անհատներին։

-Համակարգը, որի վրա կառուցված էր մեր պետությունը, չեր ստեղծել և չուներ ինստիտուտներ, որոնք կայացած պետություններում գործում են անկախ վաչարարությունը իրականացնող թիմից։

-Կառավարման փորձի բացակայություն, խնդիրների խորքային ընկալման բացակայություն

-Սուվերենության նվազագույն մակարդակով պետականություն

-Պետության տնտեսական, ֆինանսական խիստ կախվածություն «դաշնակիցներից»

-Արցախի հակամարտություն

Ու էլի, շատ ու շատ բացեր և բայցեր, որոնք պիտի ստիպեին մի «հարվածով» կառավարման ղեկը ստանձնած քաղաքական թիմին, կամ.
-«մի հարվածով» լուծել բոլոր խնդիրները
-կամ շատ արագ լուծել առաջնային խնդիրները մնացածը հընթացս
-կամ իրագործեր միայն հեղափոխական օրակարգը
-կամ պարզապես դրսևորեր առավել մեծ զգուշավորություն իրավիճակը կառավարելի պահելու համար (փորձեր մնալ դրության տերը)

Ժամանակը ցույց տվեց, որ ՔՊ-ն ընտրեց վերջին տարբերակը՝ (գուցե արդարցիորեն), գտավ, որ եղածը բավարար է զարգացող երկիր կառուցելու համար։

Հեղափոխությունը ունի իր օրենքները՝ և այն ռիսկեր է պարունակում, բայց ՆԻԿՈԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ ԳՆԱՑԻՆ Հայաստանի զարգացման ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ։

Սխալ էր դա, թե ճիշտ, այլ խնդիր է։ Կարևոր է այս փաստի ԳԻՏԱԿՑՈՒՄԸ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ