fbpx
Աշխարհ

Հեղեղումները Հունաստանում միլիարդավոր եվրոների վնաս են հասցրել

Հունական Թեսալիայում հարյուր տարվա մեջ ամենաուժեղ փոթորիկներն են գրանցվել, գրել է The Associated Press-ը։

Պիլիոն լեռան անտառոտ ստորոտում ապրողներն ասում են, որ հեղեղման պատճառով իրենց կրած վնասը միլիոնավոր եվրոների է հասնում։

Հարթավայրում ապրող նրանց երկրացիների կրած վնասն ավելի մեծ է. զոհվել է 16 մարդ այն բանից հետո, երբ անտառային հրդեհները խլել էին 20 մարդու կյանք Հունաստանի հյուսիս-արեւելքում։

Փոթորիկների հետեւանքով հեղեղվել է 720 քառակուսի կիլոմետր գյուղատնտեսական հողահանդակ, լիովին ոչնչացվել է ցանքսը։ Հեղեղվել են հարյուրավոր շենքեր, փլվել է երկաթուղային մայրուղին, վնասվել են ճանապարհներ եւ կամուրջներ, տասնյակ հազարավոր կենդանիների անկում է գրանցվել։

Թեսալիային, որը երկրի խոշոր հողագործական կենտրոնն է, բաժին է ընկնում ազգային տնտեսական արտադրության 5 տոկոսը եւ գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը, չնայած ներկայում նրա զգալի մասում բամբակ եւ ծխախոտ է աճեցվում։

Ուրբաթ նրա որոշ շրջաններում հեղեղման սպառնալիքը պահպանվում էր, եւ որոշ լճերի մոտ ապրողներին զգուշացրել էին, որ անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստվել տարհանման։

Հունաստանը գնահատում է հեղեղումների հետ կապված հսկայական ծախսերը։

Ֆինանսների նախարար Կոստիս Խատզիդակիսի խոսքով՝ ստույգ գումարը դեռ չի որոշվել։

«Բայց… խոսքը միլիարդների (եվրո) մասին է»,- ասել է նա Antenna TV մասնավոր հեռուստաալիքի հարցազրույցում՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստում է լրացուցիչ պետական բյուջեի նախագիծ մոտ 600 մլն եվրոյի չափով՝ այս տարի անհետաձգելի պահանջները ֆինանսավորելու համար։

Սպասվում է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի մանրամասն տեղեկություն կտրամադրի շաբաթ, տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր հիմնական զեկույցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ