fbpx
Կառավարություն

Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Երևանում այսօր կայացել է Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ նիստը, որի արդյունքներով Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:

Աջակցություն Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը

Պատվիրակությունները քննարկել են ավելի սերտ համագործակցության միջոցով փոխադարձ բարգավաճման, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հաշվի առնելով 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ժամանակ կայացած կարևոր քննարկումները:

Ինչպես նշվում է հայտարարությունում՝ ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում:

«Միացյալ Նահանգները ընդունում է շարունակվող տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելիս և մտադիր է շարունակել աջակցել այս ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում տեղահանված անձանց և փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի ջանքերը, իսկ Հայաստանը երախտագիտություն է հայտնել ավելի քան 21 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության համար, որը Միացյալ Նահանգները տրամադրել է 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու համար», – ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Փոխշահավետ համագործակցության ամրապնդում՝ անվտանգության և իրավապահ ոլորտներում

Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն, ըստ հաղորդագրության, ընդգծել են ԱՄՆ աջակցության կարևոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով:

«Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում և պատրաստակամ է խաղաղապահության և իրավապահ մարմինների զարգացման ուղղությամբ հավելյալ համագործակցության հարցում», – նշված է հաղորդագրությունում:

Արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանում

Պատվիրակություններն ամփոփել են արդարադատության ոլորտում շարունակվող համագործակցությունը՝ գնահատելով ԱՄՆ-ի նշանակալի ներդրումը Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին միտված ջանքերում։ Երկուստեք ընդգծվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության հարգման կարևորությունը և հանձնառություն են ստանձնել համատեղ աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հայաստանի զարգացման նպատակին:

Հայտարարության ամբողջական տեքստը ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ