Դժբախտ դեպքեր շինարարությունում
Վերջին ժամանակաշրջանում հաճախակի են դարձել շինարարության բնագավառում տեղի ունեցող դժբախտ դեպքերը։ Ստացված տեղեկատվության վերլուծությունը ցույց է տալիս, դժբախտ դեպքերը տեղի են ունենում ինչպես շինարարարական կազմակերպությունների կողմից շինարարական, շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ, այնպես էլ նորակառույց շենքերում սեփականատերերի կողմից իրենց բնակարանների հարդարման աշխատանքներն իրականացնելու ժամանակ։ Այդ դեպքերի հետևանքով վտանգվում է աշխատողների կյանքը, աշխատողները ստանում են վնասվածքներ, աշխատունակության կորուստ, ձեռք են բերում հաշմանդամություն:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժբախտ դեպքերի պատճառներից են շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտ որակավորում կամ մասնագիտական փորձ չունեցող աշխատողներին առանց աշխատանքի անվտանգ կատարման ուսուցման և հրահանգավորման աշխատանքի թույլատրելը կամ ներգրավելը, աշխատավայրում կոլեկտիվ պաշտպանության միջոցների, անհատական պաշտպանության միջոցների բացակայությունը կամ չկիրառումը, աշխատանքի միջոցների կամ սարքավորումների անսարքությունը կամ ոչ ճիշտ կիրառումը, աշխատանքների անվտանգ կատարման ապահովմանն ուղղված կազմակերպական միջոցառումների անբավարարությունը կամ իսպառ բացակայությունը։
Աշխատատեղերում աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը հանդիսանում է գործատուի թե իրավական, թե բարոյական պարտականությունը, նվազեցնում է դժբախտ դեպքերի առաջացման հավանականությունը, որը դրական ազդեցություն է ունենում նաև գործատուի նկատմամբ վստահության մթնոլորտի ձևավորման վրա։ Միաժամանակ, արդարացված և տնտեսապես շահավետ է կանխարգելել դժբախտ դեպքերը, քանի որ դժբախտ դեպքերի կանխարգելման արդյունքում գործատուն կխուսափի կազմակերպական և տեխնիկական պատճառներով աշխատանքի (արտադրության) չնախատեսված ընդհատումներից, աշխատողի առողջության վերականգնման ծախսերից և առողջությանը հասցված վնասի օրենքով նախատեսված հատուցումներից:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանդիսանալով աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման բնագավառում վերահսկողություն իրականացնող պետական մարմին, հորդորում է շինարարության ոլորտում աշխատանքներ իրականացնող բոլոր գործատուներին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ աշխատանքներն անվտանգ կազմակերպելու համար, այդ թվում՝
ընդունել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր (հրահանգներ,կանոններ),
աշխատողներին ուսուցանել ու հրահանգավորել աշխատանքի անվտանգ կատարման վերաբերյալ և տեղեկացնել կազմակերպությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկային գործոնների մասին, որից հետո միայն թույլատրել անցնելու աշխատանքային պարտականությունների կատարմանը,
աշխատավայրը կահավորել կոլեկտիվ պաշտպանության միջոցներով (ցանկապատեր, արգելապատնեշներ, պաշտպանիչ վահաններ), աշխատողներին տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ (սաղավարտներ, շնչադիմակներ, արտահագուստ, պաշտպանիչ գոտիներ և այլն), և պահանջել ճիշտ կիրառել այդ միջոցները,
աշխատանքում օգտագործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող մեխանիզմներ, սարքավորումներ և աշխատանքի այլ միջոցներ։
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին