fbpx
Առողջապահություն

15:39 12/6/2019

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պատասխանը Արսեն Թորոսյանի հայտարարություններին

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Պատասխան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարցազրույցին.

12.06.2019թ. Ազատություն ռադիոկայանի «Հարցազրույց Կարեն Ասլանյանի հետ» հաղորդման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությանը, անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելով տեսչական մարմնի կողմից որոշ հանրային առողջապահական ծրագրերի իբր խոչնդոտելու վերաբերյալ:

Ցավում ենք, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը, որին վստահվել է ոլորտային քաղաքականության մշակման պատասխանատվություն, դիմում է նման էժանագին և մանիպուլյատիվ շահարկումների, չբերելով ոչ մի հստակ փաստարկ և դիրքավորվելով բացառապես հուզականության դաշտում:
Իսկ իրականում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր ողջ մասնագիտական ներուժով աջակցում է բոլոր այն հանրային առողջապահական ծրագրերին, որոնք իրականցվում են պահպանելով մեր երկրի գործող օրենսդրությունը, չեն պարունակում մեր հայրենակիցների առողջությանը անդառնալի վնասներ հասցնելու հնարավոր ռիսկեր և ունեն պատշաճ ապացուցողականություն և գիտական հիմնավորվածություն:

ՀՀ առողջապահության նախարարը, տիրապետելով նախնական տեղեկատվության, որ մեր մարմինը, օրենքով սահմանված կարգով և ամբողջությամբ իր լիազորությունների շրջանակներում , այս պահին իրականացնում է վարչական վարույթներ հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևան քաղաքում, որի շրջանակներում ուսումնասիրվում է իմունոկանխարգելման գործընթացի կազմակերպման ողջ շղթան, և հավանաբար գիտակցելով հայտնաբերված խախտումների համար պատասխանատվության իր բաժինը ունենալու հետևանքների բեռը` որպես այդ գործնթացի կազմակերպման պատասխանատու, փորձում է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել տեսչական մարմնին և թույլ չտալ ավարտին հասցնել վարույթները:

Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չի կաշկանդվելու որևէ հրապարակումից կամ կադրային փոփոխությունների սպառնալիքից և իրականացնելու է իր առաքելությունը` մնալով բացառապես գործող օրենսդրության շրջանակներում: Մենք խորապես գիտակցում ենք այն պատասխանատվության բեռը, որը դրված է տեսչական մարմնի վրա, որպես առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում վերահսկողություն իրականացնողի, և մեր ողջ գործունեությունը միտված է պաշտպանելու ազգաբնակչության առողջ և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը, եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ է լինում պարբերաբար սթափեցնելով որոշ արկածախնդիրների և ստիպել նրանց հարգել մեր երկրի օրենսդրությունը և դուրս չգալ նրա սահմաններից:

Տեղեկացնում ենք նաև, որ հաշվի առնելով հայտաբերված խախտումների մեջ առերևույթ հանցակազմի առկայության նշանները, նյութերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին` համապատասխան ընթացք տալու նպատակով»:

Վերեվ