ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է.
« Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների, բուժման արդյունքների, իր հիվանդության մասին և համաձայնություն տալ բժշկական միջամտության համար, հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի օրենքով նախատեսված դեպքերից: Վերոնշված բոլոր գործընթացների վերահսկողությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: 2018 թվականի ընթացքում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների վերլուծությունից պարզ է դարձել, որ ոչ միշտ են պահպանվում քաղաքացիների իրավունքները, մասնավորապես դրանք առավել խոցելի են հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտում: Տեսչական մարմնի իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները վերացնելու և հետագայում դրանք կանխարգելելու նպատակով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին տրվել են պարտադիր կատարման առաջադրանքներ: Խախտումները կանխարգելելու համար անհրաժեշտ է նաև բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը: Այդ իսկ նպատակով տեղեկացվում է,որ. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին (եթե անձն անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչված, կամ եթե անձն անչափահաս է, կամ հոգեկան խանգարումով տառապող անձն ի վիճակի չէ հասկանալ իր իրավունքները, կամ ստորագրել իր իրավունքների իրազեկման թերթիկը) հոսպիտալացումից անմիջապես հետո բացատրվում են նրա իրավունքներն ու պարտականությունները, տեղեկություններ են տրամադրվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում: Հոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքների իրազեկման հետ մեկտեղ տրվում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկ, որում թվարկված են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի իրավունքները, ընդ որում իրավունքները բացատրվում են այն լեզվով և այն եղանակով, որը հասկանալի է տվյալ անձի համար՝ ներառելով իրավունքների ու դրանց իրականացման մեխանիզմների պարզաբանումը: Հարգելի քաղաքացիներ, տեսչական մարմինը իրականացնում է վերահսկողություն բնակչության բժշկական օգնության և սպասարկման, այն է՝ խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացման, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցման նկատմամբ: Հարցեր և խնդիրներ առաջանալու դեպքում խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել` 0047, ք.Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129, հեռ.՝ (374-10) 65-05-53, Էլ. Փոստ [email protected]»:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունը
By
Posted on