fbpx
Խորհրդարան

ՀՀ Ազգային ժողովը արձակուրդ գնաց

Շնորհիվ այս օրենսդրական փաթեթի, համայնքների միավորման կամ բաժանման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնության դեպքում բնակիչները կկարողանան նախաձեռնել տեղական հանրաքվե։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում և հարակից օրենքներում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում ասաց փաթեթի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ համայնքների միավորման կամ բաժանման տեղական հանրաքվեի արդյունքները կրում են բացառապես խորհրդատվական բնույթ։

«Տեղական հանրաքվեի անցկացման դեպքում, որը կրում է զուտ խորհրդատվական բնույթ, համապատասխան ընտրական հանձնաժողովը չի ընդունում որևէ որոշում և քվեարկության արդյունքների մասին արձանագրությունը ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին և լիազորված պետական մարմնին»,- պարզաբանել է Կարապետյանը։

Նա միաժամանակ նշեց, որ եթե կառավարությունը մշակի համայնքներում վարչատարածքային բաժանման մասին օրինագիծ, նախաձեռնող խմբերը պետք է հնարավորություն ունենան նախաձեռնելու տեղական հանրաքվեներ, գրանցվելու համապատասխան ընտրական հանձնաժողովներում, դիմելու համայնքի ղեկավարին, ինչպես նաև ավագանուն՝ համապատասխան ֆինանսավորման համար։ Քվեարկության արդյունքները պետք է ներկայացվեն նաև խորհրդարանի քննարկմանը։

«Մենք առաջարկեցինք երկու փոփոխություն։ Փոփոխություններից մեկը տեղական հանրաքվեի մեխանիզմը բարդացնելն է՝ սահմանելով 50 տոկոս ներկայության շեմ։ Այսինքն՝ մենք համարելու ենք, որ այդ խորհրդատվական հանրաքվեն կայացել է, եթե դրան մասնակցել է ընտրացուցակներում նշված ընտրողների 50 տոկոսից ոչ պակասը»,- ընդգծել է պատգամավորը։

Խորհրդարանը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը (կողմ՝ 94, դեմ՝ 18)։ Օրենսդրական փաթեթին դեմ էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները՝ այն համարելով թերմշակված։

Նիստի վերջում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը պաշտոնապես ավարտեց աշխատանքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ