Ապրիլի 18-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր ղեկավար, Լիտվայի Սեյմասի պետական կառավարման և ՏԻՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գուոդա Բուրոկիենեին (Guoda Burokienė)։
Ողջունելով հյուրին՝ դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Գուոդա Բուրոկիենեին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ վերջինս իր նպաստը կբերի հայ-լիտվական խորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդմանը։
Լիտվայի Սեյմասի պատգամավորը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը և մասնակիցը լինել երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության խորացմանը։
Հանդիպման ընթացքում քնարկվեցին առաջիկա ամիսներին նախատեսվող բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացմանն ու համատեղ միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին և դրանց լիտվական կողմի հնարավոր աջակցությանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից։