fbpx
Իրավական

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Քոչարյանի խափանման միջոցի հիմքերը

Շարունակում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է գնահատական իջեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ:

«Զավեշտալի ենք համարում, որ գործն, ըստ էության, քննության համար վորույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով ողջ գործի նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրում է միայն հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները՝ ակնհայտորեն ունենալով նյութերի մեծ ծավալի տարբերություն»,-ասաց Դավթյանը:

նա նաև հարցադրում արեց՝ ինչպե՞ս կարող էր գործով օբյեկտիվ արդարադատության իրականացմանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չունենար Քոչարյանների ընտանիքի ֆինանսական դրությունը:

Արթուր Դավթյանն անդրադարձել է նաև խափանման միջոցի հիմքերին:

«Խափանման միջոցի, առավել ևս կալանավորման ընտրությունն ինքնանպատակ չէ: Յուրաքաչյուր կոնկրետ դեպքում մենք մեղադրող կողմ ենք բազում այլ գործերով, 1000 անգամ ծանրութեթև ենք անում խափանման միջոցի անհրաժեշտությունը: Սույն գործով պարզ, տրամաբանորեն հավանականությունն առկա՞ է, որ մեղադրյալը կխոչընդոտի դատաքննությանը: Եթե այո, ապա մեր օրենսդրությամբ առկա՞ է որևէ խափանման միջոց, որը կչեզոքացնի այդ ռիսկը: Մեր գնահատմամբ, որը տառը տառին համադրելի է նաև Եվրոպական նախադեպային իրավունքին, ավելի քան ողջամտորեն առկա է այդ հնարավորությունը: Պարզագույն փաստարկ ենք բերում. մեղադրյալին մեղսագրված արարքները բարդ, կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ հանցավոր սխեմայի դրսևորում է, որի դերակատարները տվյալ պահին ուղղակի կախվածություն են ունեցել մեղադրյալից»,-ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի վստահեցմամբ՝ պետական ապարատի զգալի մասն «անմիջական ներգրավվածություն է ունեցել հանցավոր գործունեությանը»:

«Նման բարդ սխեմայի պայմաններում, մյուս կողմից էլ քննության ակտիվ ընթացքի առկայությամբ ակնհայտ չէ՞ արդյոք ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննությանը խոչընդոտներ ստեղծելու մոտիվացիա»,-ասաց նա:

Դավթյանը նշեց, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի օբյեկտիվ քննությանը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ