fbpx
Իրավական
16:06 05/07/2019

ՀՀ իրավապահները «Օրենքով գող» Մերաբ Քալաշովին արտահանձնել են Ֆրանսիա․ Փաստինֆո

Քաղաքացիություն չունեցող, նախկինում դատապարտված «Օրենքով գող» Մերաբ Քալաշովը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից արտահանձնվել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանից։

Աղբյուրը Հիշեցնում է, որ Քալաշովը Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր 2015 թվականից։ Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ նրան մեղադրանք էր առաջադրվել Ֆրանսիայի քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ Մասնավորապես, նա մեղադրվում է փողերի լվացման, գողացված իրերը թաքցնելու, ինչպես նաև չարագործների խմբավորման հանցագործության նախապատրաստմանը մասնակցություն ունենալու մեջ։

Արմեն Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ Քալաշովի հավաստմամբ՝ ինքը որևէ առնչություն չունի նշված հանցանքների հետ. «Նրան մեղսագրում են մի արարք, որի կատարման ժամանակ ինքը Ֆրանսիայում չի եղել. 2014 թվականի սեպտեմբերից Ֆրանսիայից դուրս է եկել, իսկ իրեն մեղադրում են, որ մինչ 2015 թվականի ապրիլ ամիսը Ֆրանսիայում գողությունների կազմակերպիչ է եղել»։

Պաշտպան Արմեն Մելքոնյանը ասել է, որ 3-4 ժամ որոնել է իր պաշտպանյալին. «Քրեակատարողական հիմնարկում չէր, և տեղեկություն էլ չէին տալիս այն մասին, թե նա որտեղ է, ես գնացել եմ տարբեր ՔԿՀ-ներ, և ի վերջո պարզել եմ, որ նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում, և երբ գնացել եմ այնտեղ, ինձ և մյուս պաշտպանին 2 ժամից ավել թույլ չեն տվել տեսակցել»։

Պաշտպաններն ի վերջո տեսակցել են Քալաշովին և պարզել են, որ նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ. «Նրա վրա կային բազմաթիվ վնասվածքներ, կոտրված էր ոտքի բութ մատը։ Մենք հաղորդում ենք տվել Ոստիկանություն, բայց այդպես էլ որևիցե մեկը չեկավ և չփորձեց պարզել, թե այդ վնասվածքներն ովքեր և ինչ պատճառով են հասցրել իմ պաշտպանյալին։ Ավելին ասեմ, մենք մի կերպ շտապօգնություն հրավիրեցինք, որի աշխատակիցները միայն անալգին առաջարկեցին, չտարան՝ ոտքը նկարելու, իսկ այդ դեղից իմ պաշտպանյալն ալերգիա ուներ, և ստիպված տարել է այդ ցավը։ Սա անպատմելի մի բան է»։

Աղբյուրի այն հարցին, թե Քալաշովը չի՞ նշել արդյոք, թե ովքեր են իրեն այդ վնասվածքները պատճառել, պաշտպանն այս պահին չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ եթե համապատասխան մարմինների աշխատակիցները ժամանակին գային և ճիշտ հարցեր հղեին, կունենային այդ հարցի պատասխանը։

Արմեն Մելքոնյանի խոսքով՝ իրենք Վերաքննիչ բողոք ունեն, որը դեռևս չի քննարկվել. «Վճռաբեկ դատարանը իր որոշումը չի կայացրել, և առանց վերջնական որոշման՝ նրան արտահանձնելու մասին որոշում են կայացրել, ըստ իս՝ ապօրինի. Քրեական դատավարության 495-րդ հոդվածը միանշանակ փաստում է, որ անձը կարող է հանձնվել միայն նրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո։ Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, որ Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի նրան չհանձնելու մասին, ո՞նց են նրան հետ բերելու»։

Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին, թե այս պարագայում ինչի հիման վրա են նրան արտահանձնել, պաշտպանը նշեց, որ եղել է Արդարադատության փոխնախարարի ցուցում.«Մեր երկար հորդորներից հետո մեզ փաստաթուղթ ներկայացվեց, ըստ որի՝ նրան արտահանձնում են Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանի ցուցումի հիման վրա, սակայն այդ փաստաթղթի վրա չկար ոչ ամիս, ոչ ամսաթիվ, ոչ էլ ստորագրություն»։

Արմեն Մելքոնյանը հայտնեց նաև, որ բողոքելու են մինչև Եվրոպական դատարան. «Կարծում եմ՝ այն անձինք, ովքեր այս ապօրինությունը արեցին, պետք է պատասխան տան», – ասել է նա։

Նշվում է նաև, որ Քալաշովը 2 տարի 9 ամիս է, ինչ ապրում էր Հայաստանում։ Նրան 10 տարով կացության կարգավիճակ էր տրվել։ Նա ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ, ունի անչափահաս զավակ։

Գրում է «Փաստինֆո»-ն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ