Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը ժողովրդավարության զարգացման տեսանկյունից անհրաժեշտ քաղաքական կամք է դրսևորում․ զեկույց

Եվրոպական հանձնաժողովը փետրվարի 10-ին հրապարակել է «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (ԱԸՀ (GSP+)) օգտվող երկրների 2018-2019թթ. կատարողականի մասին զեկույց:  Նշենք, որ այս կառույցը ԵՄ-ում պատասխանատու է օրենսդրական առաջարկների, որոշումների կատարման, ԵՄ պայմանագրերի կատարման և ամենօրյա գործունեության պլանավորման համար։

Զեկույցում կա նաև հատված, որը վերաբերում է Հայաստանին։ Ըստ դրա՝ 2018-ի Թավշյա հեղափոխությունից և ժողովրդավարական փոփոխություններից հետո Հայաստանը ստանձնել է մարդու իրավունքները հարգման և լավ կառավարման պատրաստակամություն, սկսել է օրենսդրական և այլ քայլեր ձեռնարկել՝ իր պարտավորությունները կյանքի կոչելու համար:

Չնայած նրան, որ Հայաստանը անցումային փուլում է, համակարգի փոփոխությունը ժամանակ է պահանջում, և արդյունքները դեռ պետք է դիտարկվեն, նշվում է, որ կառավարությունը ժողովրդավարության զարգացման տեսանկյունից անհրաժեշտ քաղաքական կամք է դրսևորում: Ընդգծվում է, որ առանձին մտահոգություններով հանդերձ՝ Հայաստանը օրակարգային առաջնահերթություն է տալիս այն ոլորտներին, որոնց ԵՄ-ն է նույն կերպ վերաբերվում՝ 2018-2019թթ. մոնիթորինգի ենթարկելով դատական և քրեական նոր օրենսգրքերի ընդունման, հակակոռուպցիոն միջոցառումների ձեռնարկման, հավասարություն ապահովման և այլ օրակարգային հարցեր:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո դրական տեղաշարժ կա հավաքների ազատության ոլորտում, առաջընթաց է գրանցվել ընտանեկան բռնության մասին օրենսդրության և դրա կիրառման մեջ, բարելավվել է գենդերային հավասարության օրենսդրությունը, տարածաշրջանային լավ համագործակցություն է առկա թմրանյութերի վերահսկման առումով, կառավարությունը այժմ կենտրոնացած է դատական համակարգում առկա կոռուպցիայի վերացման խնդրի վրա:

Միևաժամանակ ձգձգվում է քրեական նոր օրենսգրքի և հակախտրականության մասին օրենքի ընդունումը, Հավասարության ապահովման մասին օրենքի նախագիծը, որ դեռ 2018թ. մարտին էր հրապարակվել, ատելության խոսքը և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունները մարտահրավեր են դիտարկվում, խնդիր է երեխաների իրավունքների կիրարկումը և այլն:

Համաձայն զեկույցի՝ բոլոր այս բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ-ն Հայաստանի գլխավոր դոնորն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ