fbpx
Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ -ի նստաշրջաններին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հրավերով ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ Սերոբ Անտինյանը 2019 թ. մայիսի 20-23-ը մասնակցել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՄԱԿ-ի «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու մասին» 1970 թ. կոնվենցիայի Անդամ պետությունների հինգերորդ և Օժանդակ կոմիտեի յոթերորդ նստաշրջաններին։ Հայաստանն անդամակցում է կոնվենցիային 1993 թվականից: Կոնվենցիայի անդամ են նաև ՄԱԿ-ի անդամ 139 այլ պետություններ: Նստաշրջաններին կանոնավոր մասնակցությունը, կոմիտեների, հանձնաժողովների, հանձնախմբերի աշխատանքներում ներգրավվածությունը, մշակվող փաստաթղթերին, բանաձևերին, դիրեկտիվներին մանրամասն հաղորդակից լինելը հնարավոր են դարձնում Կոնվենցիայի արդյունավետ և նպատակային կիրարկումը և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը:

Կոնվենցիայի Անդամ պետությունների համաժողովները գումարվում են երկու տարին մեկ անգամ, որոնց ժամանակ քննարկվում և հաստատվում են Օժանդակ կոմիտեի, աշխատանքային տարբեր խմբերի կողմից մշակված ուղեցույցները, բանաձևերը, խորհրդատվական և այլ փաստաթղթերը, որոնք ապահովում են պետությունների կողմից Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն ու հաշվետվողականության ձևերը: Այս նստաշրջանին տեղի են ունեցել ղեկավար մարմինների ընտրություններ, ներկայացվել և հաստատվել են Քարտուղարության զեկույցները, Կոնվենցիայի կենսագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ պետությունների ներկայացրած առաջարկությունները: Մի շարք անդամ երկրների կողմից ներկայացվել են կոնվենցիայի կիրարկման լավագույն փորձը:

Կոնվենցիայի Անդամ պետությունների Օժանդակ կոմիտեի նստաշրջանները հրավիրվում են ամեն տարի: Օժանդակ կոմիտեի անդամ են Կոնվենցիային միացած երկրներից 18-ը միայն: Հայաստանն անդամակցում է կոմիտեին 2015 թվականից: Համաժողովին քննարկվել են մշակութային արժեքների արտահանման գործընթացներում միջազգային համագործակցության (INTERPOL, ICOM, UNIDROIT, WCO), փորձի փոխանակ­ման հարցերը, ինչպես նաև ներկայումս մեզ հետաքրքրող մի շարք խնդիրներ՝ կապված մաքսային մարմինների հետ համատեղ կազմակերպվելիք վերապատրաստման դասընթացների անցկացման հնարավորությունների հետ:

Նստաշրջանների մասնակցությունը հնարավորություն է ակտիվորեն ներգրավվել անդամ երկրների համար ընդունվող փաստաթղթերի կազմման, լրամշակման և խմբագրման գործընթացներում: Ավելին, գործադիր կոմիտեներում ընդգրկվածությունը, որոնցում անդամակցում է միայն 18 կամ 22 պետություն, բացառիկ հնարավորություն է համապատասխան մասնագիտական առաջարկներով և քվեարկությամբ հետապնդել մեր երկրի քաղաքական և մշակութային շահերն ու հետաքրքրությունները միջազգային այդ կարևոր հարթակում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ