fbpx
Զինված Ուժեր

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնում է ԱՄՆ

Պաշտպանության ոլորտը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկն է: Այս շաբաթ պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Միացյալ Նահանգներում քննարկելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Այցը սկսվելու է Կանզաս նահանգում, որտեղ վերջին 15 տարիների ընթացքում վերապատրաստվում են հայ խաղաղապահներն ու փրկարարները: Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ Լի Թաֆանելլիի խոսքով, Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցությունը հպարտության առարկա է.

«Հրաշալի զգացողություն է, երբ օգնում են հայ զինվորականներին վերապատրաստվել և այնուհետեւ տեսնում ես, թե ինչպես են հայերն այդ գիտելիքները կիրառում Կոսովոյում կամ Աֆղանստանում՝ խաղաղությունն ու անվտանգությունը ապահովելու համար»:
Կանզաս նահանգի ազգային գվարդիայում հայ խաղաղապահները, փրկարարներն ու բժիշկները վերապատրաստվում են ՆԱՏՕ-ի չափանիշներով, որպեսզի այնուհետեւ խաղաղապահ առաքելություն իրականացնեն դաշինքի հովանու տակ անցկացվող առաքելություններում, նշում է գեներալ Էնթոնի Մոհաթը.

«ՆԱՏՕ-ի չափանիշների կիրառումը կարևորագույն պայման է, որպեսզի հայ զինվորները ամբողջ աշխարհում մասնակցեն խաղաղապահ առաքելությունների: Սակայն, դա նաեւ նպաստում է հենց հայկական բանակի մարտունակության բարձրացմանը»:
Կանզասի հետ համագործակցությունը միակողմանի չէ: Ազգային գվարդիան նույնպես շատ բան ունի սովորելու հայկական կողմից, հատկապես՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ոլորտում, նշում է Կանզասի ազգային գվարդիայի օդուժի հրամանատար գեներալ Դեյվիդ Վայսարը.

«Հայաստանի քաղաքացիներն ունեն այնպիսի աղետներին արձագանքելու փորձ, որը մենք չունենք եւ մենք նույնպես սովորում ենք հայկական կողմից»:

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը հիմնականում կենտրոնացած է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցնող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությամբ: Պենտագոնում Հայաստանի ներդրումը բարձր են գնահատում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուպերն իր ելույթում վերջերս նշել էր, որ Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղության ապահովման կարեւոր գործոն է: Նյու Յորքում իր այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարն այս շաբաթվա վերջին մասնակցելու է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մեկ այլ հեռանկարային ոլորտ կարող է դառնալ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքը: Այդ հնարավորության մասին Երեւան իր այցի ընթացքում էր ակնարկել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Միացյալ Նահանգներ իր այցի ավարտին Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպելու է հայ համայնքին: Հանդիպումը նվիրված է լինելու Հայաստանի պաշտպանական ռազմավարությանն ու տարածաշրջանային անվտանգությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ